Լիտվայի կառավարությունը՝ վարչապետ Ինգա Ռուգինենեի գլխավորությամբ, հրաժարական է տվել։ Նոր կաբինետը կգլխավորի երկրի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մինդաուգաս Սինկյավիչյուսը։
«Այսօր մենք հրաժարականի որոշում ենք ընդունում»,— կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ռուգինենեն՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նախարարներին համատեղ աշխատանքի համար։
Սինկյավիչյուսն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ համաձայն է ստանձնել վարչապետի պաշտոնն ու ձևավորել նոր կառավարություն։ 2024 թվականի աշնանը կայացած ընտրություններից հետո նա կլինի արդեն երրորդ վարչապետը։
Վերջին ամսում Լիտվայում կոալիցիոն ճգնաժամ է հասունացել. իշխող սոցիալ-դեմոկրատները որոշել են կառավարությունից հեռացնել «Նեմանի արշալույս» կուսակցությանը և այն փոխարինել «Հանուն Լիտվայի» կուսակցությամբ։ Կոալիցիայի փոփոխությանը զուգահեռ կփոխվի նաև կառավարության կազմը։ Մասնավորապես, պաշտոնը կլքի վարչապետ Ինգա Ռուգինենեն, որն այդ աթոռը զբաղեցրել էր մեկ տարուց էլ պակաս ժամանակ առաջ՝ 2025 թվականի օգոստոսին նախորդ վարչապետ Գինտաուտաս Պալուցկասի շուրջ ծագած սկանդալից հետո։