Հարավային Կորեան պատրաստ է ընդունել Ուկրաինայում գերի ընկած հյուսիսկորեացի բոլոր այն զինվորներին, որոնք կռվել են Ռուսաստանի կողմից, եթե նրանք նման ցանկություն հայտնեն։ Այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է Reuters-ը։
Նախարարությունից ընդգծել են, որ դեմ են ԿԺԴՀ քաղաքացիներին բռնի ուժով Ռուսաստան կամ Հյուսիսային Կորեա հետ ուղարկելուն։ Հարավկորեական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ ռազմագերիների հետագա ճակատագրի հարցը պետք է լուծվի բացառապես իրենց կամքով։
Այս հարցի շուրջ Հարավային Կորեայի և Ուկրաինայի նախարարների բանակցությունները նախատեսված են հունիսի 30-ին Սեուլում։