Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը սխալ է համարում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում Լիբանանի հարցի կարգավորումը ներառելը։
«Լիբանանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել թեկուզ վաղը, այնտեղ տարածքային ոչ մի վեճ չկա։ Եվ ես ստիպված եմ միջազգային հանրությանը անդադար հիշեցնել, որ դրան խոչընդոտում է «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությունը, իսկ Իրանին լիբանանա-իսրայելական կարգավորման գործընթացում ներգրավելը մեծ սխալ է»,— «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում ասել է նա։ Նախագահը նշել է, որ բանակցությունների այս կողմը մտահոգում է Իսրայելին, և այդ մասին արդեն տեղեկացվել է ամերիկյան կողմին։
Հունիսի 17-ին ԱՄՆ-ն ու Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է անհապաղ դադարեցնել բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում ռազմական գործողությունները։ Հունիսի 21-ին Բյուրգենշտոկում Կատարի և Պակիստանի միջնորդությամբ տեղի են ունեցել ԱՄՆ-Իրան բանակցությունները՝ ուղղված հուշագրի դրույթների կատարմանը։ Քառակողմ խորհրդակցություններին մասնակցող բանակցային թիմերը համաձայնության են եկել հակամարտությունների (այդ թվում՝ Լիբանանի հարցի) կարգավորման աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ։ Որպես միջնորդ հանդես եկող Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ այս մարմնի աշխատանքներում ներգրավվելու են նաև Լիբանանի ներկայացուցիչները։
Հունիսի 23-25-ը Վաշինգտոնում ԱՄՆ հովանու ներքո կանցկացվի լիբանանա-իսրայելական բանակցությունների հինգերորդ փուլը։