Լեհաստանի տարածքում ամերիկյան մշտական ռազմաբազայի հնարավոր կառուցումը երկրի համար կարժենա մոտ 12 միլիարդ զլոտի (շուրջ 3,2 միլիարդ դոլար)։ Այս մասին հայտնում է Wirtualna Polska ինտերնետային պորտալը՝ հղում անելով Լեհաստանի կառավարության սեփական աղբյուրներին։
Ըստ այդ տվյալների՝ ԱՄՆ մշտական ռազմաբազան զրոյից կսկսեն կառուցել կամ Պոզնանի շրջանում, կամ Վրոցլավի մոտակայքում։ Պորտալը նշում է, որ այս վայրերի ընտրությունը պայմանավորված է այնտեղ խոշոր օդանավակայանների առկայությամբ։
Նախատեսվում է, որ ամերիկացի զինվորականների հետ Լեհաստան կժամանեն նաև նրանց ընտանիքի անդամները, ուստի բազան պետք է ապահովված լինի մոտ 25 հազար մարդու բնակության համար նախատեսված անհրաժեշտ ողջ ենթակառուցվածքով։ 25 հազարից բուն զինվորական անձնակազմը կկազմի 11-ից 15 հազար։
Այժմ Լեհաստանում, հիմնականում ռոտացիոն սկզբունքով, գտնվում է շուրջ 10 հազար ամերիկացի զինծառայող։
Հունիսի 3-ին Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին է փոխանցել Լեհաստանում ամերիկյան զորքերի նոր մշտական բազա ստեղծելու պաշտոնական առաջարկը։