Իրանը հայտնել է ԶՈՒ թաքնված ներուժի և սահմաններից ու Հորմուզի նեղուցից դուրս պատասխան տալու պատրաստակամության մասին

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, գեներալ Ահմադ Ռեզա Փուրդեսթանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ հայտարարելով, որ Իրանի զինված ուժերը լիովին՝ 100%-ով պատրաստ են։ Արձագանքի մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։

Իրանական տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում գեներալ Ահմադ Ռեզա Փուրդեսթանը նշել է, որ «Իրանի ռազմական դոկտրինը պաշտպանականից փոխվել է հարձակողականի»՝ ընդգծելով, որ այդ դոկտրինի շրջանակում նախատեսված են նաև կանխարգելիչ գործողություններ։ Նա հավելել է, որ «եթե դա պահանջվի [իսլամական] վարչակարգին, մենք կարող ենք անակնկալի բերել հակառակորդին՝ կանխարգելիչ գործողություններ իրականացնելով անհայտ շրջաններում»։

Նա ընդգծել է, որ զինված ուժերը «դեռևս չեն գործադրել իրենց հնարավորությունների զգալի մասը», և որ հակառակորդը գիտի․ «ցանկացած սխալի դեպքում նա կբախվի պատասխանի՝ սահմաններից և Հորմուզի նեղուցից դուրս»։

Վերլուծելով վերջին ռազմական գործողությունները (12-օրյա և 40-օրյա պատերազմները)՝ Փուրդեսթանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը և «Դիմադրության ճակատը» հաջողությամբ վարել են «լիովին անհավասար պատերազմ» ԱՄՆ-ի գլխավորությամբ «հրեական, արևմտյան և արաբական» ուժերի կոալիցիայի դեմ։

Նա նշել է, որ այդ հակամարտություններում հաղթանակի գլխավոր նշանը դարձել է հակառակորդի՝ հրադադարի խնդրանքով դիմելը։

«Պատերազմների պատմության մեջ պարտվող կողմը միշտ զինադադար է խնդրում։ Մեր մարտիկների դիմադրությունը, չնայած 46 տարվա պատժամիջոցներին, հանգեցրել է հակառակորդի հուսահատությանը, և ամերիկացի պաշտոնյաների այսօրվա հայտարարություններն ուժի մասին պայմանավորված են ոչ թե հզորությամբ, այլ հենց այդ հուսահատությամբ և ԱՄՆ-ի անկմամբ»,- նշել է Իրանի բանակի ներկայացուցիչը։

Գեներալ Փուրդեսթանը անդրադարձել է նաև Լիբանանում տիրող իրավիճակին և հայտարարել լիբանանցի ժողովրդի պաշտպանությանը Իրանի լիակատար պատրաստակամության մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *