Ով ինչ ուզում է խոսի, ես մարդ եմ, ով իր հարցերը այդպես չի լուծում, եթե ինչ-որ մեկը խնդիր ունի, ինչ-որ բան ունի ասելու, թող գա, կանգնի, իմ աչքերին նայի, հարց կտա և կստանա համապատասխան պատասխանը։ Այս մասին 24news.am–ին տված հարցազրույցում նշեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով իր հասցեին ընդդիմադիր ուժերի կողմից հնչող քննադատությանը, որ բարելավել է իր հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ։
Հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ երբեմնի ընդդիմադիր Արուշ Արուշանյանը հիմա բավականին սերտ հարաբերություններ ունի իշխանության կարկառուն ներկայացուցիչների հետ, դիմավորում է Նիկոլ Փաշինյանին, ինչը նախկինում տեղի չի ունեցել, ներկա է գտնվում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ծննդյան առիթին և նմանօրինակ բազմաթիվ այլ դրվագներ, նա պատասխանեց. «Եթե ես ծննդյան տոնին հրավիրվում եմ, մասնակցում եմ, ումի՞ց պետք է հարցնեմ, կամ ասենք, ըստ ձեզ, պետք է նախ հարցնեմ, թե ով որ կուսակցությունից է, հետո շփվեմ կամ չշփվեմ, ծննդին գնամ, թե չգնա՞մ։ Դա նորմա՞լ է»։
Ինչ վերաբերում է հարցին, թե երբվանի՞ց է սկսել մտերմություն անել Ալեն Սիմոնյանի հետ, Առուշանյանն արձագանքեց. «Վաղուց, շատերի հետ վաղուց։ Հիմա այդ քաղաքական պրոցեսների ժամանակ էլ ես նույնիսկ ունեմ ընկեր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում է, տվյալ մարդը ծառայել է Գորիսում, արդեն 15-20 տարի է մենք ընկերներ ենք, ու այնպես չի, որ այդպես շատ լուրջ խնդիրներ են առաջացել, որ ինքը այլ հայացք է ունեցել, ես այլ հայացք եմ ունեցել։
Դուք մտածում եք, որ ես փորձում եմ արդարանա՞լ։ Ես անում եմ այն, ինչ նպատակահարմար եմ գտնում, անում եմ այն քայլերի հերթականությունը, որը կարծում եմ օգուտ է մեր պետությանը, մեր պետականությանը, իմ անձնական շահերը մի կողմ դրած են և առաջնորդվում եմ նրանով, թե ինչը օգուտ կտա մեր երկրին, կոնկրետ այն տարածքին, որտեղի պատասխանատվությունը կրում եմ ես։
Երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնակապես այց է ունեցել Գորիս, ես դիմավորել եմ, ու բոլոր այցերից հետո ի օգուտ մեր մարզի, մեր համայնքի բազմաթիվ աշխատանքներ են եղել։
Եթե այս փուլում որոշել եմ, որ պետք է ընդգծված մասնակցություն չունենամ ընտրությունների մեջ, մասնակցություն չեմ ունեցել։ Դա ոչ մեկին չի վերաբերվում, ես որևիցե մարդու հանդեպ պատասխանատվություն չեմ կրում իմ քայլերը որոշելիս։ Թե ես ի՞նչ եմ որոշում, ի՞նչ եմ անում, դա բացառապես որոշում եմ ես»։