ԱՄՆ Գերագույն դատարանը երեքշաբթի Exxon Mobil ընկերությանը թույլատրել է հայց ներկայացնել Կուբայի պետական նավթային ընկերությունների դեմ՝ գույքի բռնագրավման առնչությամբ, որը տեղի է ունեցել գրեթե յոթ տասնամյակ առաջ Ֆիդել Կաստրոյի վարչակարգի իշխանության գալուց հետո։ Դա հնարավորություն է տալիս, որ գործն առաջ շարժվի Հավանայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած խիստ քաղաքականության ֆոնին, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Դատավոր Բրեթ Քավանոն հրապարակել է մեծամասնության կարծիքը (6–3), ընդ որում՝ լիբերալ դատավորներն արտահայտել են իրենց անհամաձայնությունը։
Այս որոշումը դարձավ հերթական դրվագը Վաշինգտոնի դատական և արտաքին քաղաքական քայլերի անսովոր համադրության մեջ, որոնք ուղղված են Կուբայի նկատմամբ ճնշումների ուժեղացմանը։ Մայիսի 20-ին Թրամփի վարչակազմը մեղադրանքներ էր առաջադրել Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին՝ կապված 1996 թվականի այն միջադեպի հետ, երբ խոցվել էին երկու քաղաքացիական ինքնաթիռներ, ինչի հետևանքով զոհվել էր չորս մարդ, որոնց թվում՝ երեք ամերիկացի։ Թրամփը նաև հնարավոր էր համարել ռազմական գործողությունները Կուբայի դեմ՝ մարտին լրագրողներին հայտարարելով, որ կարող է «պատիվ ունենալ վերցնելու Կուբան»։
Կաստրոյին մեղադրանք առաջադրելու հաջորդ օրը Գերագույն դատարանը քննել էր ևս մեկ գործ՝ կուբայական սեփականության առնչությամբ։ Այդ որոշմամբ դատարանը թույլատրել էր շարունակել հայցն ընդդեմ աշխարհի խոշորագույն կրուիզային օպերատորների, որոնք մտնում էին Հավանայի նավահանգիստ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք հարաբերությունների մերձեցման ժամանակահատվածում։
Exxon-ի գործն առնչվում է 1960 թվականին՝ Կաստրոյի հեղափոխությունից կարճ ժամանակ անց, գույքի բռնագրավմանը և 1996 թվականին ԱՄՆ Կոնգրեսի ընդունած մի օրենքին, որը ԱՄՆ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում նման սեփականության համար հայցեր ներկայացնել ամերիկյան դատարաններում։
1950-ականների վերջին Standard Oil Company-ն, որը հետագայում վերանվանվեց Exxon Mobil Corporation, մասշտաբային գործունեություն էր ծավալում Կուբայում, ներառյալ՝ նավթավերամշակման գործարան, տերմինալներ և 117 ավտոլցակայան, որոնք ազգայնացվեցին և փոխանցվեցին պետական ձեռնարկություններին։
Ամերիկյան հանձնաժողովը 1969 թվականին Standard Oil-ի կորուստները գնահատել էր գրեթե 72 միլիոն դոլար։ Հաշվի առնելով տոկոսները և եռակի փոխհատուցման վերաբերյալ Exxon-ի պահանջները՝ գումարը կարող է հասնել հարյուրավոր միլիոն դոլարների։
Exxon-ի գործով վեճը վերաբերում էր այն բանին, թե ինչպես է 1996 թվականի օրենքը հարաբերակցվում մեկ այլ դաշնային օրենքի հետ, որն ընդհանուր առմամբ արգելում է ԱՄՆ դատարաններում օտարերկրյա պետությունների դեմ հայցերը։ Exxon-ը պնդում էր, որ Կոնգրեսը փաստացիորեն բացառություն է արել՝ ընդունելով 1996 թվականի օրենքը, մինչդեռ կուբայական ընկերությունները պնդում էին, որ անձեռնմխելիությամբ են օժտված նման հայցերի նկատմամբ։
Թրամփի վարչակազմն այս գործում աջակցել է Exxon-ին։
«Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունի արտաքին քաղաքական կարևոր շահեր ապահովելու համար, որ ԱՄՆ այն քաղաքացիները, որոնց ակտիվները Ֆիդել Կաստրոյի կոմունիստական վարչակարգն ապօրինաբար բռնագրավվել էր, փոխհատուցում ստանան, ինչպես նաև կանխելու Կուբայի կառավարության կողմից այդ գործողություններից հետագա օգուտների ստացումը»,- դատարանում հայտարարել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։
Ստորադաս ատյանները հակասական որոշումներ էին ընդունել Exxon-ի գործով, սակայն Կոլումբիայի օկրուգի Վերաքննիչ դատարանը մերժել էր ընկերության այն փաստարկը, թե 1996 թվականի օրենքը միանշանակորեն հնարավորություն է տալիս քննել նման հայցը։