Հնդկաստանում անիմացիոն կենտրոնում տեղի ունեցած սոսկալի հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ

Հնդկական Լաքհնաու քաղաքում (Ալիգանջ շրջան) երկուշաբթի կեսօրին ավերիչ հրդեհ է բռնկվել անիմացիայի և կրկնուսուցման պարապմունքների կենտրոնում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, մի քանիսն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Միջադեպի մասին հաղորդում է Punjab Newsline-ը։

Հրդեհը սկսվել է տեղական ժամանակով 14:15-ի սահմաններում Պուրնիա շրջանում: Կրակն արագորեն տարածվել է շենքով մեկ, որը լցվել է թանձր ծխով, ինչն էլ խուճապ է առաջացրել ներսում գտնվող ուսանողների շրջանում:

Պաշտոնական անձանց տվյալներով՝ բազմաթիվ ուսանողներ արգելափակվել են երկրորդ հարկում: Նրանցից ոմանք, փրկվելու փորձ անելով, ցած են նետվել պատուհաններից՝ ստանալով ծանր վնասվածքներ։ Առաջին հարկից նետված ուսանողներից մեկն ընկել է երկաթե ճաղավանդակի վրա և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։

Ուտար Պրադեշ նահանգի գլխավոր նախարար Յոգի Ադիտյանաթը ժամանել է դեպքի վայր և ծանոթացել փրկարարական գործողության ընթացքին: Տեղում է եղել նաև գլխավոր նախարարի տեղակալ Բրաջեշ Փաթհակը, որն, ըստ հաղորդումների, հուզական է արձագանքել զոհվածների մարմինների դուրսբերմանը։

Շենքի ստորին հարկերում տեղակայված են եղել կենդանիների խանութ և անասնաբուժական կլինիկա, իսկ երկրորդ հարկում՝ գրադարան և Learning Space կոչվող ուսումնական կենտրոնը, ինչպես նաև Head Hopper Studio-ն, որը զբաղվում է 3D գրաֆիկայով և խաղային ակտիվների ստեղծմամբ։

Հրդեհի պատճառի նախնական վարկածը նկուղային հարկում տեղադրված օդորակիչի կարճ միացումն է: Դեպքի վայրում աշխատել է մոտ տասը հրշեջ հաշվարկ, փրկարարական գործողությանը ներգրավվել են SDRF և NDRF ստորաբաժանումները։

Իրավիճակը բարդացել է հրդեհի ծավալներով, ինչի պատճառով արտակարգ ծառայությունները շտապօգնության մեքենաների պակաս են ունեցել։ Վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է Վարչապետի օգնության ազգային հիմնադրամի միջոցով զոհվածների և տուժածների ընտանիքներին վճարումներ կատարելու մասին․ 200-հազարական ռուփի՝ զոհվածների ընտանիքներին, և 50-հազարական՝ տուժածներին։ Իշխանությունները հետաքննություն են սկսել հրդեհի պատճառներն ու անվտանգության կանոնների հնարավոր խախտումները պարզելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *