ԵՄ-ն Բրյուսելում «Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է աֆղանստանցի ապաստան հայցողների արտաքսումը

«Թալիբան» շարժման պատվիրակությունը երեքշաբթի Բրյուսելում բանակցություններ է վարել Եվրոպական Միության ներկայացուցիչների հետ՝ նվիրված այն անձանց Աֆղանստան վերադարձի ակտիվացմանը, ում մերժվել է ապաստանի տրամադրումը։ Այդ այցն աննախադեպ էր և արժանացել է իրավապաշտպանների խիստ քննադատությանը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Եվրահանձնաժողովը հինգ հոգուց բաղկացած պատվիրակությանը հրավիրել է քննարկումների՝ միգրացիոն քաղաքականության խստացման և արտաքսումների թվի մեծացմանն ուղղված ջանքերի շրջանակում, թեև ԵՄ-ն պաշտոնապես չի ճանաչում «Թալիբան»-ի վարչակազմը։

Ըստ բանակցությունների ընթացքին ծանոթ աֆղանստանցի պաշտոնյայի՝ հանդիպումներն անցել են կառուցողական մթնոլորտում և կարող են հանգեցնել «դրական արդյունքների»։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել է, որ «տեխնիկական հանդիպմանը» մասնակցել է ԵՄ 15 պետություն՝ Շվեդիայի համանախագահությամբ։

Աֆղանական կողմի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն էր, երբ «Թալիբան»-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարել ԵՄ-ի հետ Բրյուսելում։

Քննարկվել են Եվրոպայում աֆղանստանցիների համար հյուպատոսական ծառայությունների վերսկսման, «վստահության ամրապնդման միջոցների» և «վերադարձի արժանապատիվ գործընթացի» հարցերը։ Օրակարգում էին նաև «վերադարձվող անձանց նույնականացումը» և Աֆղանստան արտաքսման համար նրանց ճամփորդական փաստաթղթերի տրամադրումը։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվել այն անձանց, որոնք ծանր հանցագործություններ են կատարել և սպառնլիք են անվտանգությանը։

Այցը հարուցել է իրավապաշտպանների քննադատությունը։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզայը հայտարարել է, որ «ցնցված և խորապես մտահոգված է» պատվիրակություն հրավիրելու ԵՄ որոշմամբ՝ ընդգծելով, որ «Թալիբան» շարժումը «ջնջել է կանանց ու աղջիկներին հասարակական կյանքից»։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ եվրոպական երկրները «հարվածի տակ են դնում իրենց հեղինակությունը»՝ միաժամանակ թե՛ դատապարտելով մարդու իրավունքների խախտումները, և թե՛ քննարկելով համագործակցությունը «Թալիբան»-ի հետ ներգաղթյալների վերադարձի շուրջ։

Եվրամիությունը և անդամ պետությունները, այդուհանդերձ, պնդում են, որ նման շփումները չեն նշանակում Քաբուլի կառավարության պաշտոնական ճանաչում։ ԵՄ անդամ մի շարք երկրներ պնդում են երկխոսության անհրաժեշտության մասին՝ կեցության իրավունք չունեցող ներգաթյալների վերադարձը կազմակերպելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *