ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է պատժամիջոցների նոր փաթեթի մասին, որն ուղղված է միջազգային խարդախ խմբավորումների և միաժամանակ՝ կուբայական վարչակարգի եկամտաբեր ենթակառուցվածքների դեմ, ինչպես նաև թարմացրել է Հատուկ նշանակված քաղաքացիների և արգելափակված անձանց ցուցակը (SDN List):
Թարմացման շրջանակում պատժամիջոցների ցանկում ավելացվել են ավելի քան 30 կազմակերպություններ և մի քանի ֆիզիկական անձինք, որոնք կապված են Prince Group անդրազգային հանցավոր ցանցի, ինչպես նաև Կուբայի պետական ձեռնարկությունների հետ։
Սահմանափակումների տակ հայտնված ֆիզիկական անձանց թվում ներառված են, մասնավորապես, Չեն Բոն, Դայ Անը, Ֆան Չժիչժենը, Լուո Բրենդոնը և Ցյու Վեյժենը, որոնց ամերիկյան իշխանությունները կապում են Ասիայում և Եվրոպայում՝ ներառյալ Կամբոջայում, Հոնկոնգում, Սինգապուրում և Մեծ Բրիտանիայում գործող միջազգային ֆինանսական-հանցավոր սխեմաների հետ։ Ցուցակում ներառվել է նաև Կուբայի քաղաքացի Աննալիե Լիլիամ Ռուեդա Կարդերոն, որը կապված է կուբայական պետական կառույցների հետ։
Կազմակերպությունների թվում պատժամիջոցների տակ են հայտնվել կուբայական պետական ընկերություններ, դրանց թվում՝ Banco Financiero Internacional S.A.-ն, Almacenes Universales S.A.-ն, Empresa Siderúrgica José Martí-ն (Antillana de Acero), Geominera S.A.-ն և Rafin S.A.-ն, որոնք, ԱՄՆ գնահատմամբ, կապված են պետության տնտեսական և արտահանման գործունեության հետ։ Բացի դրանից, սահմանափակումներ են մտցվել մի շարք միջազգային ընկերությունների՝ ներառյալ ֆինանսական, հեռահաղորդակցության և խաղամոլության կառույցների դեմ, մասնավորապես՝ China Reserve Securities Limited-ը, CCU Commercial Bank Plc.-ն, Halo Network Technology Ltd-ն և DTX Winners Club Limited-ը, որոնք, ԱՄՆ Ֆինանսների նախարարության վարկածով, կապված են անդրազգային խարդախության և պատժամիջոցների շրջանցման ցանցերի հետ։
Գերատեսչությունը նշել է նաև, որ ԱՄՆ-ն ուժեղացնում է համակարգումը Մեծ Բրիտանիայի հետ, իսկ նոր միջոցառումներն ուղղված են խարդախ գործողությունների խափանմանը, ամերիկացի քաղաքացիների պաշտպանությանը և Կուբայի իշխանությունների տնօրինությանը հանձնվող եկամուտների սահմանափակմանը։