ԱՄՆ-ում ութ հոգի, որոնք մեղադրվում են նեոնացիստական և ծայրահեղ աջ կազմակերպությունների դեմ հանդես եկող և տարբեր արմատական ձախ խմբեր միավորող ապակենտրոնացված հակաֆաշիստական antifa շարժման հետ կապեր ունենալու մեջ, երեքշաբթի կդատապարտվեն անցյալ տարվա հուլիսին Թեքսասի ներգաղթային պահման կենտրոնի մոտ տեղի ունեցած հարձակման գործով, հաղորդում է Associated Press-ը։
Դաշնային երդվյալների ատենակալների դատարանը մարտին նրանց մեղավոր է ճանաչել ահաբեկիչներին նյութական աջակցություն ցուցաբերելու և այլ հանցագործությունների մեջ՝ գրեթե երեք շաբաթ տևած դատավարությունից հետո։ Նրանց մեծ մասին սպառնում է 10-ից մինչև 60 տարվա ազատազրկում։
Բենջամին Սոնգը՝ ցուցարարը, որն, ըստ մեղադրական կողմի վարկածի, կրակ է բացել և վիրավորել տեղի ոստիկանին Ալվարադո քաղաքի Prairieland կենտրոնի մոտ, մեղավոր է ճանաչվել սպանության փորձի մեջ և կարող է պատժվել 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն։
Եվս մեկ մեղադրյալ՝ Դենիել Սանչես Էստրադան, որը մեղավոր է ճանաչվել փաստաթուղթը կոռուպցիոն եղանակով թաքցնելու և փաստաթղթեր թաքցնելու դավադրության մեջ, հնարավոր է դատապարտվի մինչև 40 տարվա ազատազրկման։
Մյուս մասնակիցները, որոնք ընդունել են իրենց մեղքը ահաբեկիչներին նյութական աջակցություն ցուցաբերելու մեջ կամ գնացել են քննության հետ գործարքի, Ֆորտ Ուերթում դատավճիռների ընդունման ժամանակ կարող են ստանալ մինչև 15 տարվա ազատազրկում։
Դատախազությունը պնդում է, որ բոլոր ութն էլ միասնական ղեկավարություն չունեցող և տարբեր խմբեր ու ակտիվիստների միավորող ապակենտրոնացված հակաֆաշիստական antifa շարժման մասնակիցներ են, որոնք հանդես են գալիս ծայրահեղ աջ շարժումների դեմ։ Ամբաստանյալները հերքում են որևէ կապ այդ կառույցի հետ և հայտարարում են, որ մասնակցել են կենտրոնում պահվող ներաղթյալների աջակցության ակցիային։
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարում է, որ այս գործը դարձել է առաջինը, որտեղ antifa-ի հետ ենթադրաբար կապված անձանց մեղադրանքներ են առաջադրվում ահաբեկչական հոդվածներով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել antifa-ն ներքին ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին, թեև ԱՄՆ-ում գոյություն չունի պաշտոնական դաշնային ցուցակ, որը համանման կլինի օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակին։
Քննադատները զգուշացնում են, որ նման գործերը կարող են ազդել բողոքի ցույցերի ազատության վրա, որը պաշտպանված է ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությամբ։ Antifa-ն, միևնույն ժամանակ, պաշտոնական կազմակերպություն չէ, այլ ընդհանրացված եզրույթ է տարբեր հակաֆաշիստական շարժումների ու ցանցերի համար։