Միջազգային ծովային կազմակերպությունը (International Maritime Organization, IMO), որը ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն է, հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավորություն է բացել Պարսից ծոցի տարածաշրջանից ավելի քան 11 հազար արգելափակված նավաստիների տարհանման համար, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
IMO-ի գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը հայտնել է, որ գործողությունն իրականացվելու է Իրանի, Օմանի, մերձափնյա այլ պետությունների, ԱՄՆ-ի և ծովային ոլորտի ներկայացուցիչների հետ համակարգմամբ։ Նրա խոսքով՝ նախնական փուլը ենթադրում է ոչ թե սովորական նավագնացության լիարժեք վերականգնում, այլ տարածաշրջանից նավերի աստիճանական և խստորեն վերահսկվող դուրսբերում։
Օմանի Ազգային հիդրոգրաֆիական վարչությունը հայտնել է Հորմուզի նեղուցում՝ աշխարհի կարևորագույն ռազմավարական նավագնացային հանգույցներից մեկում, ժամանակավոր ծովային միջանցքի ստեղծման մասին։ Ծանուցման մեջ նշվում է, որ նավերի երթևեկության բաժանման ստանդարտ համակարգը (Traffic Separation Scheme, TSS) ներկայում անվտանգ չի համարվում օգտագործման համար։
Դրա փոխարեն նավերը կկարողանան անցնել նեղուցից դուրս գալու երկու ժամանակավոր երթուղիներով՝ երթևեկության գործող սխեմայից դեպի հյուսիս և հարավ։
Ըստ Օմանի ծանուցման՝ տարհանումն ընթանալու է փուլ առ փուլ։ Նավերը կբաժանվեն խմբերի, իսկ դրանց դուրսգրումը կհամակարգվի IMO-ի ծրագրի շրջանակում։ Նավերը չեն կարողանա ինքնուրույն լքել տարածաշրջանը. յուրաքանչյուր նավի կնշանակվի դուրս գալու կոնկրետ ամսաթիվ, ինչի մասին նրանց կտեղեկացնեն գործողության համակարգողները։
Հրահանգները ստանալուց հետո նավերն ուղղվելու են միջազգային ջրերում հատուկ նախատեսված սպասման գոտիներ։ Այնտեղից նրանք պետք է կապ հաստատեն համապատասխան մերձափնյա ծառայությունների հետ՝ անվտանգ անցման պայմանները հաստատելու համար։
Օմանի ծանուցման մեջ նշված են ժամանակավոր երթուղիներից մեկի կոորդինատները՝ միայն դեպի արևելք շարժվելու համար։ Երկրորդ երթուղու մանրամասն պարամետրերը չեն բացահայտվում, սակայն հաստատվում է, որ երկու միջանցքներն էլ՝ հյուսիսայինը և հարավայինը, կարող են օգտագործվել՝ կախված պայմաններից։
Ընդգծվում է նաև, որ նավերի երթևեկությունը կարող է ժամանակավորապես կասեցվել անվտանգության նկատառումներից ելնելով, ներառյալ՝ ռազմական նավերի հետ հնարավոր հակամարտությունների վտանգը։