Ամերիկյան գերատեսչությունները մրցաշարի սկզբից ի վեր աշխարհի առաջնության խաղերի անցկացման հետ կապված օբյեկտների մերձակայքում առգրավել են ավելի քան 300 անօդաչու թռչող սարք, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Տրանսպորտային անվտանգության վարչությանը (TSA)։
Գերատեսչության տվյալներով՝ խաղերի օրերին ցանկացած թռչող սարքերի, դրանց թվում՝ անօդաչուների թռիչքներն արգելված են մարզադաշտերի շուրջ երեք ծովային մղոն շառավղով և գետնի մակարդակից մինչև 3000 ֆուտ բարձրության վրա, եթե դրա համար չկա ավիադիսպետչերների հատուկ թույլտվություն։
ՀԴԲ-ի Մայամիի դաշտային վարչությունը հայտարարել է, որ չարտոնված թռիչքների համար տուգանել է անօդաչուների 49 օպերատորի և Ֆլորիդայում առգրավել է 54 անօդաչու սարք։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) արգելել է անօդաչուների թռիչքները առաջնության խաղերի և ֆան-գոտիների վրայով երկրի ամբողջ տարածքում։
Խաղերի զանգվածային դիտումների վայրերում անօդաչուներն արգելված են մեկ ծովային մղոն շառավղով և մինչև 1000 ֆուտ բարձրության վրա։
FAA-ի տվյալներով՝ փակ օդային տարածք չարտոնված մուտք գործելու համար օպերատորներին սպառնում են մինչև 100 հազար դոլարի տուգանքներ, ինչպես նաև քրեական հետապնդում և սարքավորումների բռնագրավում)։ ՀԴԲ-ն ևս խմբեր է տեղակայել մարզադաշտերի շուրջ՝ չարտոնված անօդաչուները հայտնաբերելու և չեզոքացնելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել հնարավոր վտանգավոր անօդաչուներից երկրի պաշտպանությունն ուժեղացնելու մասին, իսկ Ներքին անվտանգության նախարարությունը տեղակայել էր անօդաչուների դեմ պայքարի նոր համակարգեր Թեքսասում՝ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին։
Անցյալ տարի մի տղամարդ ընդունել էր իր մեղքը անվտանգության կանոնները խախտելու մեջ այն բանից հետո, երբ անօդաչու էր բաց թողել մարզադաշտի վրայով Բալթիմորում NFL-ի փլեյ-օֆֆի ժամանակ, իսկ մեկ այլ միջադեպ տեղի էր ունեցել 2024 թվականի Բոստոնի մարաթոնի ժամանակ, երբ անօդաչու սարքը որսացվել էր վերջնագծի մոտ չարտոնված թռիչքից հետո։