Հիբրիդային սպառնալիքների դեմն առելու առաքելությամբ Եվրամիության 2-րդ դեսանտն առաջիկայում կիջնի Հայաստան։ ԵՄ երկրների դեսպաններն ապրիլի 15-ին Բրյուսելում ընդունել են Հայաստան նոր առաքելություն գործուղելու որոշումը, որի հաստատումը կլինի եկող շաբաթ ԵՄ արտգործնախարարների նիստում։ ԵՄ-ում կարծում են, թե այս առաքելությունը լուրջ բան է անելու Հայաստանի ներքին կայունության ու տարածաշրջանային խաղաղության համար։
«Ազատության» փոխացմամբ՝ առաքելությունը պետք է ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից՝ ռազմավարական, գործնական խորհրդատվություն ու աջակցություն տրամադրելով նախարարություններին ու անվտանգային ոլորտի գործակալություններին։ Այդ խորհրդատվությունները կենտրոնանալու են քաղաքականությունների մշակման, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների հայտնաբերման ու արձագանքման, կիբերհարձակումների, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի վրա։
Փաստացի՝ ո՞ւմ է պաշտպանելու ԵՄ 2-րդ դեսանտը։
1995-ի մարտի 16-ի ապօրինի պայմանագրից հետո սկսվել են կեղծվել ընտրությունները, ռուսական ազդեցությունը ՀՀ-ում շարունակաբար մեծացել է և բարձրակետին հասել 2018-ի իշխանափոխության արդյունքում։ Մոսկվան ազդել է քաղաքականության որոշման, ընտրությունների ընթացքի վրա։ ՌԴ դեսպանն է հաստատել ռուսամետ որոշ ուժերի ցուցակներ։ ԱԺ անցնող որոշ ուժեր բացահայտ ռուսական շահեր են սպասարկել և այլն։
Իրավիճակն առերևույթ փոխվել է 2022-ի սեպտեմբերին, երբ Հայաստանն ագրեսիայի ենթարկվեց, իսկ Մոսկվան պաշտպանեց ագրեսորին։ Հիշենք, որ չբարեկամները ձգտում էին զավթել Սյունիքի մի հատվածն ու այն դարձել միջանցք։ Հիշենք նաև, որ նրանց համատեղ կազմակերպած ագրեսիայի արդյունքում ադրբեջանական զինվոր կանգնեց ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում, ռազմավարական կարևոր նշանակության դիրքերում։ Այս ամենից հետո Հայաստանը չբարեկամների հետագա հարձակումներից ու սպառնալիքներից պաշտպանելու համար դիմեց ԵՄ-ի և ԱՄՆ-ի օգնությանը։ Եվ ՀՀ-ում տեղակայվեց ԵՄ առաքելությունը։ Իսկ առաջիկայում 2-րդ դեսանտն է իջնելու։
2021-ի ընտրություններով ձևավորված ԱԺ-ն մաքուր ռուսական էր։ Ե՛վ ՔՊ-ն էր վառ ռուսամետ դիրքերում, և՛ ընդդիմադիր ուժերը։ Վերջին հարցումների արդյուքնում ևս ռուսամետ ուժերն են ֆավորիտ։ Ե՛վ ՔՊ-ն է հանդես գալիս հայ-ռուսական օրակարգն անխախտ պահելու դիրքերում, և՛ ընդդիմադիր առաջատար ուժերն են վառ ռուսամետ ձևանում։
Այս իրավիճակում ի՞նչ է անելու ԵՄ դեսանտը Հայաստանում, ո՞ւմ է պաշտպանելու։
ԵՄ առաքելությունն անելիք կունենար, եթե իշխանության ռեալ հավակնորդներից գոնե մեկը ԵՄ անդամակցելու, ՆԱՏՕ-ին միանալու, քաղաքակրթական ընտրություն կատարելու նպատակ հռչակեր։ Օրինակ՝ Մոլդովայում իշխանությունը ԵՄ-ին միանալու հայտ էր ներկայացրել, ու ԵՄ առաքելությունն օգնեց, որ ռուսամետներն այդ երկրում չհաղթեն, իշխանափոխություն չլինի։
Հայաստանը ԵՄ-ին միանալու հայտ չի ներկայացրել։ Եվրոպական չափանիշներով՝ ՔՊ-ն եվրասկեպտիկ է, քանի որ նախապատվություն է տալիս ՌԴ-ի հետ քաղաքական, տնտեսական գործընկերությանը, նույնիսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի։ Բայց քանի որ ընդդիմադիր մեծ ուժերը ՔՊ-ից ավելի եվրասկեպտիկ են, ապա ԵՄ-ն պաշտպանության տակ է առնելու ՔՊ-ն։
Պարզ ասած՝ առանց ԵՄ աջակցության՝ ՔՊ-ն պարտվելու է հունիսի 7-ին։ Ինչպես Մոլդովայում կամ Հունգարիայում հաղթեց ԵՄ աջակցությունը վայելող ուժն, այնպես էլ, ենթադրաբար, ՀՀ-ում է հաղթելու։ Ողջամիտ կասկած կա, սակայն, որ ԵՄ աջակցությունն անվճար չի լինելու։ Դրա դիմաց պահանջելու են, որ ՔՊ-ն անկախության ու ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ ռեալ քայլեր կատարի՝ ընդունելով ռուսական զորքերի դուրս հրավիրման որոշում, լյուստրացիայի մասին օրենք և այլն։ Այս կարգի քաղաքական որոշումներն են ապահովագրելու, որ հետագայում ՀՀ-ում ընտրությունները չկեղծվեն ու ռուսական գործակալներն իշխանության չգան։ Պարզ չէ, թե ի՞նչ են անելու ռուսամետ ուժերը, ողջամտորեն կփորձե՞ն անկախության ու ժողովրդավարության պաշտպանության դիրքերում կանգնել, վաստակել ԵՄ աջակցությունն ու հաղթել հունիսի 7-ի ընտրություններում, թե՞ բաց կթողնեն իշխանության հասնելու այս շանսը ևս։
Թաթուլ Մկրտչյան