ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ է տրամադրում Ուկրաինային` ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածելու համար. FT

Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) ամերիկյան հետախուզության աջակցությամբ հարվածներ են հասցնում Ռուսաստանի խորքում գտնվող նավթավերամշակման գործարաններին և ռազմական օբյեկտներին։ Այս մասին Financial Times (FT) պարբերականին հայտնել են տեղյակ աղբյուրները։ Նրանց փոխանցմամբ՝ Կիևի արևմտյան դաշնակիցները կոչ են արել Վաշինգտոնին շարունակել հարձակումների համար անհրաժեշտ հետախուզական տվյալների տրամադրումը։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայում կայացած «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի ժամանակ, «չափազանց տպավորված ու ոգևորված է եղել» ուկրաինական կողմի այս հարվածներով։ FT-ի աղբյուրներից մեկը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը միջոցառման շրջանակում այս թեմայի շուրջ երկար զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Kyiv Independent»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփն Ուկրաինայի նախագահին խորհուրդ է տվել Ռուսաստանի հանդեպ գործել «ավելի համարձակ»։ Նա ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը դժվար թե որևէ քայլ անի առանց ճնշման։ «Նախագահը [Թրամփը] հավատում է «խաղաղություն՝ ուժի դիրքերից» սկզբունքին»,- նշել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։ «Politico»-ի զրուցակիցները նույնպես հայտնել են, որ G7 գագաթնաժողովում Թրամփը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ուկրաինային և մեծացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը։ Մինչ այս էլ «Bloomberg»-ի աղբյուրները նշում էին, որ ԱՄՆ նախագահն ու նրա շրջապատն այժմ կարծում են, որ Մոսկվան չի կարողանա հաղթանակի հասնել ռազմի դաշտում, իսկ Կիևի դիրքերն ավելի են ամրապնդվում։

Գագաթնաժողովի բանակցություններից հետո Զելենսկին հայտարարել է, որ Թրամփն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «առաջին անգամ դրական են արձագանքել» Ուկրաինայում «Patriot» համակարգերի հակահրթիռների արտադրության լիցենզավորման հարցին։ «Բոլորը համամիտ են, որ այս պահին մենք ունենք անհրաժեշտ բոլոր տեխնիկական հնարավորությունները՝ «Patriot» համակարգերի հրթիռների արտադրությունը սկսելու համար։ Այժմ միայն անհրաժեշտ է նախագահ Թրամփի անձնական հավանությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Գագաթնաժողովից առաջ Պուտինը փորձել է ազդել Թրամփի վրա. նա զանգահարել է ամերիկացի գործընկերոջը և շնորհավորել ծննդյան օրվա առթիվ։ Սակայն, ինչպես գրում է FT-ն, դա էական ազդեցություն չի ունեցել ԱՄՆ նախագահի վրա։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ «Ռուսաստանը պետք է գործարք կնքի»։

2026 թվականին Ուկրաինայի զինված ուժերն (ՈւԶՈւ) ուժգնացրել են ռուսական նավթային ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները, իսկ մայիսին, «Bloomberg»-ի հաշվարկներով, իրականացրել են ռեկորդային՝ 30 հարձակում։ «Energy Intelligence»-ի գնահատմամբ՝ նավթավերամշակման գործարաններին ուկրաինական անօդաչուների հարվածների հետևանքով հունիսի սկզբին Ռուսաստանում նավթավերամշակման ծավալները նվազել են օրական 4 միլիոն բարելից ցածր, ինչը վերջին 21 տարվա ամենացածր ցուցանիշն է։ Ընդ որում, պարապուրդի մեջ է հայտնվել ռուսական նավթավերամշակման հզորությունների գրեթե մեկ երրորդը՝ օրական 2,14 միլիոն բարել։ Այս ֆոնին վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել ավելի քան 50 տարածաշրջաններում։

«Ռուսական էներգետիկ սեկտորի դեմ Ուկրաինայի արշավը հսկայական վնաս է հասցրել երկրին, ինչի հետևանքով երկիրը գնում է դեպի իր պատմության մեջ վառելիքային ամենածանր ճգնաժամը»,- ընդգծել են «Energy Intelligence»-ի վերլուծաբանները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *