«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։
Համաձայնագրի շրջանակում «Տելեկոմ Արմենիան», հանդիսանալով տարածաշրջանում առաջատար տարանցիկ օպերատոր, ընդլայնում է միջազգային ինտերնետային տրաֆիկի մատակարարման երկրների թիվը և աշխարհագրությունը՝ ապահովելով տարանցումը սեփական ենթակառուցվածքների միջոցով դեպի Ադրբեջան։
Համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը և տելեկոմ ոլորտում համագործակցության զարգացմանը։
Հավանաբար, այս համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանը հնարավորություն կստանա հեռահաղորդակցության ծառայություններ տրամադրել Նախիջևանին ուղիղ Հայաստանի տարածքով։ Բացի այդ՝ հնարավոր է նոր ընկերությունների մուտքը ՀՀ հեռահաղորդակցության ոլորտ։
Ներդրվում է բանկերի վերակառուցման ինստիտուտ
Մյուս կողմից դեռևս հանրության շրջանում մտահոգությունների մեծ ալիք է բարձրացրել` կապված տեղեկատվական անվտանգության հարցերի հետ։
Մինչ պայմանագիրը կմտնի գործնական փուլ, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը շարունակելու է իր բնականոն գործունեությունը։
Այս համատեքստում նկատենք, որ 2026թ․ առաջին եռամսյակում 2025թ․ առաջին եռամսյակի համեմատ ՀՀ հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթի ծավալներն աճել են 4․5%-ով՝ կազմելով ֏ 40 մլրդ։
Հասույթի կառուցվածքին կարելի է ծանոթանալ ստորև․
Վիճակագրական տվյալների հիման վրա կատարված հաշվարկները փաստում են, որ հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթի ծավալների 55%-ը պատկանում է ինտերնետ հասանելիության գործունեությանը. 2026թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ հասույթն աճել է 7․5%-ով։
Մոտ 26% մասնաբաժին ունեն բջջային գործունեությունից ձևավորված հասույթի ծավալները. 2026թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել են 2․3%-ով։
«Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համաձայնագիրը ոչ միայն տեխնիկական համագործակցություն է, այլ նաև տարածաշրջանային կապուղիների դիվերսիֆիկացման փորձ։ Թեև սա կարող է ուժեղացնել Հայաստանի դիրքը որպես տարանցիկ օպերատոր, այնուամենայնիվ, միաժամանակ պարունակում է նաև տեղեկատվական անվտանգության իրական ռիսկեր։