Իշխանությունները հասկանում են, որ բոլորին լռեցնել հնարավոր չէ, ուստի ձգտում են վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի մարդիկ պարզապես վախենան խոսել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը՝ շարժման համակարգող Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդության դատական նիստից առաջ։
«Ցանկացած մեղադրանք կարելի է կարել, բայց իրական պատճառը ռեժիմին քննադատելն է։ Ամեն մարդու վրա էլ կարելի է գործ սարքել։ Ինչպես ստալինյան ժամանակներում էին ասում՝ «մարդը լինի, գործը կգտնվի»», — նշել է Մանվելյանը։ Նրա խոսքով՝ քանի որ իշխանությունները փորձում են վախի մթնոլորտով լռեցնել հասարակությանը, հիմա հակառակը՝ պետք է, որ հնարավորինս շատ մարդիկ խոսեն ու քննադատեն, այլապես վաղը կգան արդեն հենց իրենց հետևից։
Մանվելյանն ընդգծել է, որ Չալաբյանի դեմ հարուցված «գործի» հիմքում ընկած է իշխանությունների կողմից Արցախն ու Հայաստանը զիջելու քաղաքականությունը, իսկ «Հայաքվեն» ստեղծվել էր հենց Արցախը պահպանելու գաղափարի շուրջ։ Հիմա արդեն Հայաստանի հերթն է. երկիրը կտոր-կտոր հանձնում են, իսկ Ադրբեջանն էլ ավելի է մեծացնում իր նկրտումները։ «Պետք է հեռացնել այս իշխանություններին, հետո միայն հակահարված տալ Ադրբեջանին։ 8 տարվա ընթացքում Փաշինյանը 3 մեծ պատերազմի պատճառ դարձավ և բոլորը տանուլ տվեց։ Հակառակորդը տեսնում է, որ իր դիմաց թույլ անձնավորություն է, որի միակ ունակությունը սեփական քաղաքացիներին բանտարկելն է։ Ադրբեջանից խոսում են 300 հազար ադրբեջանցիների [վերադարձի] մասին, իսկ նրանք, նրանց պատասխան տալու փոխարեն, փորձում են ճնշել մեզ։ Ճիշտ նույն ձևով հերքում էին, երբ իրենց ասում էին, որ եկել են Արցախը հանձնելու։ Հավատացե՛ք, եթե սրանք մնան իշխանության, այդ 300 հազար ադրբեջանցիները գալու են», — համոզմունք է հայտնել Մանվելյանը։
Նա կարծում է, որ եթե ընտրություններն իշխանությունների համար հաջող անցած լինեին, նրանք ընդդիմության դեմ այսպիսի բռնաճնշումներ չէին սկսի։