Ուրսուլա ֆոն դեր Լայենը լիազորություններ է խլում նույնիսկ ԵՀ-ի գլխավոր տնօրինություններից․ Politico

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կենտրոնացնում է իշխանությունն իր ձեռքում՝ լիազորություններ խլելով նույնիսկ Եվրահանձնաժողովի ոլորտային գլխավոր տնօրինություններից։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով եվրապաշտոնյաներին։

Ինչպես նշում է թերթը, Եվրահանձնաժողովի Գլխավոր քարտուղարությունը, որը փաստացի հանդիսանում է ֆոն դեր Լայենի աշխատակազմը, կհամալրվի բարձրաստիճան պաշտոնյայի ինը նոր հաստիքով։ Պարբերականն ընդգծում է, որ գլխավոր քարտուղարության դիրքերի ուժեղացումն իրականացվում է 2028-2034 թվականների յոթնամյա բյուջետային պլանի նախապատրաստման շրջանակներում, քանի որ բյուջեի ծավալը գերազանցում է 1,8 տրիլիոն եվրոն։

Եվրահանձնաժողովի նախագծի համաձայն՝ ԵՄ հիմնադրամների զգալի մասը, որոնք նախկինում հատկացվում էին գյուղատնտեսական քաղաքականության և տարածաշրջանային զարգացման կարիքներին, կուղղվեն ռազմական արդյունաբերության աջակցմանը։ Բացի այդ, Եվրահանձնաժողովը անդամ երկրներից պահանջում է ընդլայնել Եվրամիության ընդհանուր բյուջեն։

Այս փոփոխությունները Եվրահանձնաժողովի գլխավոր քարտուղարությանը ԵՄ բյուջետային ծախսերը վերահսկելու ավելի լայն հնարավորություններ կտան, շարունակում է պարբերականը։ Նշվում է, որ ֆոն դեր Լայենն արդեն իսկ ծրագրում է իր աշխատակազմին փոխանցել տարածաշրջանային զարգացման գլխավոր տնօրինության մի շարք գործառույթներ։ Բացի այդ, Politico-ի աղբյուրների փոխանցմամբ, նա նախագիծ է պատրաստել իր գլխավոր քարտուղարության այն բաժնի հզորացման վերաբերյալ, որը զբաղվում է COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարման ԵՄ հիմնադրամի միջոցների բաշխմամբ։ Այս կառույցը նույնպես նախատեսվում է վերապրոֆիլավորել՝ ուղղելով այն ռազմական ոլորտի աջակցությանը։ Թերթն ընդգծում է, որ այս ամենը կհանգեցնի Եվրահանձնաժողովի նախագահի իշխանության էլ ավելի մեծ ուժեղացմանը։

Եվրահանձնաժողովը Հունգարիայի օրինակով ցույց է տվել, թե ինչպես կարելի է ԵՄ հիմնադրամներն օգտագործել քաղաքական նպատակներով։ Վարչապետ Վիկտոր Օրբանի պաշտոնավարման տարիներին կառույցը սառեցրել էր այդ երկրին հասանելիք տարբեր ուղղությունների ավելի քան 16 միլիարդ եվրոյի եվրոպական ֆինանսավորումը, սակայն այդ միջոցները միանգամից ապասառեցվել են նրան փոխարինած Պետեր Մադյարի հետ բանակցություններից հետո։ Դրանից անմիջապես հետո Մադյարը համաձայնել է պաշտպանել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորում հատկացնելու որոշումը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Մոլդովայի ու Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու քայլը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *