Էրդողանը հնարավոր է համարել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թրամփի հետ երկկողմ բանակցությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «ամենայն հավանականությամբ» երկկողմ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հաջորդ ամիս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով վերջինիս Անկարա կատարելիք այցի ընթացքում, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Հանդիպումը տեղի կունենա ՆԱՏՕ-ի ներսում առկա տարաձայնությունների ֆոնին, որոնք վերաբերում են բեռի բաշխման, պաշտպանական ծախսերի ավելացման և ամերիկա-իրանական հակամարտության շրջանում Հորմուզի նեղուցի բացմանն առնչվող գործընթացներին դաշնակիցների մասնակցության հարցերին, ընդգծում է Reuters գործակալությունը։

Խորհրդարանում լրագրողների այն հարցին՝ արդյոք նախատեսվո՞ւմ է առանձին հանդիպում Թրամփի հետ գագաթնաժողովի շրջանակում, Էրդողանն ասել է․ «Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա»՝ առանց մանրամասներ հստակեցնելու։

Ըստ թուրք պաշտոնյաների՝ գագաթնաժողովի օրակարգը ներառելու է պաշտպանական ծախսերի և անվտանգության ճարտարապետության փոխակերպման առանցքային հարցերը։ Ինչպես նշել է Թուրքիայի նախագահի հանրային կապերի գծով տնօրեն Բուրհանեթին Դուրանը, Անկարան ծրագրում է մինչև 2030 թվականը պաշտպանական ծախսերի մակարդակը հասցնել ՀՆԱ-ի 3,5%-ին, իսկ լրացուցիչ 1,5%-ն ուղղել հարակից պաշտպանական կարիքներին։

Ակնկալվում է նաև Ստամբուլի համագործակցության նախաձեռնության և Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ներկայացուցիչների մասնակցությունը՝ արտգործնախարարների մակարդակով։

Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կհյուրընկալի հուլիսի 7-8-ը, որին կժամանեն դաշինքի 32 երկրների առաջնորդները, ինչպես նաև գործընկեր պետությունների ներկայացուցիչներ Պարսից ծոցի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *