Ընդհարում Կոնգրեսում. Թրամփն արգելափակել է բնակարանային օրինագծի ստորագրումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն չեղարկել է բնակարանային քաղաքականության մասին երկկուսակցական խոշոր օրինագծի ստորագրման ծրագրված արարողությունը՝ հայտարարելով, որ չի ստորագրի այն, քանի դեռ Կոնգրեսը չի ընդունել ընտրական բարեփոխումների մասին ծավալուն օրինագիծը՝ SAVE America Act-ը։

Truth Social սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ Թրամփը հայտարարել է. «Բնակարանային հարցով այսօրվա համաժողովը և ստորագրումը սույնով չեղարկվում են այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք ընդունել խիստ անհրաժեշտ SAVE America Act-ը, որը ես համարում եմ համազգային արտակարգ իրավիճակ»։

Ինչպես հաղորդում է NBC News-ը, Սպիտակ տունը դեռևս չի հստակեցնում՝ ԱՄՆ նախագահը հետագայում ծրագրո՞ւմ է ստորագրել բնակարանային օրենքը, թե՞ վետո կդնի դրա վրա։

Առաջարկվող SAVE America Act-ը նախատեսում է լուրջ փոփոխություններ ԱՄՆ ընտրական համակարգում, ներառյալ՝ ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի և քաղաքացիության հաստատման նոր պահանջներ։ Սակայն, Կոնգրեսում առկա աղբյուրների տվյալներով, հանրապետական ղեկավարությունը չունի բավարար աջակցություն այն ընդունելու համար՝ դեմոկրատների կոշտ դիրքորոշման և Սենատի ընթացակարգերի փոփոխության հարցում փոխհամաձայնության բացակայության պատճառով։

Բնակարանային օրինագիծը, որը արժանացել էր երկու պալատների հավանությանը՝ երկու կուսակցությունների աջակցությամբ, ուղղված է բնակարանների արժեքի նվազեցմանը, շինարարության ծավալների մեծացմանը և մասնավոր տների գնման գործընթացում խոշոր ներդրողների մասնակցության սահմանափակմանը։ Այն դիտարկվում էր որպես Կոնգրեսի ընթացիկ նստաշրջանի առանցքային տնտեսական ձեռքբերումներից մեկը։

Փաստաթղթի ստորագրումից հրաժարվելը ուժեղացրել է Սպիտակ տան և Սենատի հանրապետականների մի մասի միջև լարվածությունը։ Հանրապետականների առաջնորդները խոստովանել են, որ չէին սպասում նման քայլի, սակայն ձեռնպահ են մնացել ԱՄՆ նախագահի որոշման բուն էությունը մեկնաբանելուց։

Թրամփն ավելի վաղ հրապարակայնորեն քննադատել էր նաև բնակարանային օրենքը՝ այն անվանելով «երկրորդական» նշանակության՝ ընտրական համակարգի բարեփոխման համեմատ, և կրկին կոչ էր արել չեղարկել այսպես կոչված ֆիլիբաստեր կանոնը, որը պահանջում է 60 ձայն Սենատում օրենքների մեծամասնության ընդունման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *