Հռոմը քննադատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը ԱՄՆ-ի գործողություններում Իտալիայի դերի մասին

Իտալիան քննադատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությունները, որոնք արվել են Իրանի հետ պատերազմի ժամանակ երկրի տարածքում ամերիկյան ռազմաբազաների օգտագործման վերաբերյալ քաղաքականապես զգայուն հարցի ֆոնին, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Ռյուտեն, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հասցեին, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպան փաստացիորեն «Միացյալ Նահանգների ուժի ցուցադրման հարթակ է»։ Նա միաժամանակ պնդել է, որ հարյուրավոր ամերիկյան ինքնաթիռներ օգտագործել են Իտալիայի բազաները՝ Իրանի դեմ գործողության շրջանակում թռիչքներ իրականացնելու համար, իսկ եվրոպական բազաներից իրականացված թռիչքների ընդհանուր թիվը հասնում էր հազարների։

Նրա պնդմամբ՝ գործողության ընթացքում Իտալիայի բազաներից օդ է բարձրացել մոտ 500 ամերիկյան ինքնաթիռ, իսկ ընդհանուր առմամբ եվրոպական տարածքներից արձանագրվել է 4- 5 հազար մարտական թռիչք։

Ընդսմին, Իտալիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռյուտեի խոսքերը մոլորության մեջ գցող են։ Պաշտոնական հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իտալիան գործող համաձայնագրերի շրջանակում ԱՄՆ-ին թույլատրել է միայն «տեխնիկական և լոգիստիկ» թռիչքներ և չի արտոնել մարտական առաքելություններ։

Իտալական կողմը նշել է, որ այս պայմանների շրջանակից դուրս եկող ցանկացած հարցում չի արժանացել կառավարության հավանությանը, քանի որ նման որոշումները պահանջում են առանձին համաձայնեցում, ներառյալ՝ խորհրդարանական վերահսկողություն։

Ավելի ուշ ՆԱՏՕ-ում պարզաբանել են, որ Ռյուտեի խոսքերը վերաբերել են հենց լոգիստիկ և տեխնիկական աջակցությանը, այլ ոչ թե մարտական գործողություններին Իտալիայի ուղղակի մասնակցությանը։

Այս տարաձայնությունների ֆոնին նկատվում է նաև լարվածություն ԱՄՆ-ի և Իտալիայի հարաբերություններում. ավելի վաղ Թրամփը քննադատել էր Հռոմին Իրանում ամերիկյան գործողություններին ոչ բավարար աջակցություն ցուցաբերելու համար, ինչն արդեն իսկ հանրային վեճերի պատճառ էր դարձել Վաշինգտոնի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի միջև։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *