Սկանդալ Հարավային Կորեայում. «Շինչհոնջի եկեղեցու» 95-ամյա հիմնադիրը կալանավորվել է քաղաքական ազդեցության գործով

Հարավային Կորեայի ամենափակ կրոնական կազմակերպություններից մեկի առաջնորդը կալանավորվել է ընտրությունների վրա կրոնական խմբերի ենթադրյալ քաղաքական ազդեցության ընդլայնվող հետաքննության ֆոնին, հաղորդում է Associated Press գործակալությունը։

Խոսքը «Շինչհոնջի եկեղեցու» հիմնադիր 95-ամյա Լի Ման Հիի մասին է։ Քննության տվյալներով՝ նա կասկածվում է տասնյակ հազարավոր հետևորդների ապօրինի ներգրավման մեջ՝ կառավարող պահպանողական «Ուժային ժողովուրդ» կուսակցությանն անդամակցելու նպատակով, որպեսզի ազդեցություն գործի ընտրությունների արդյունքների և ներկուսակցական փրայմերիզների վրա։

Դատարանը կալանավորման հրամանագիր է արձակել՝ մատնանշելով ապացույցների ոչնչացման վտանգը։ Ինքը՝ Լի Ման Հին, Սեուլի դատարան է ներկայացել հենակով և օգնականների ուղեկցությամբ, սակայն չի պատասխանել լրագրողների հարցերին։ Եկեղեցին հայտարարել է, որ մտահոգված է նրա տարիքով ու առողջական վիճակով և առայժմ չի մեկնաբանում դատարանի որոշումը։

Քննությունը պնդում է, որ 2021-2024 թվականը կազմակերպության տարածաշրջանային բաժանմունքների միջոցով ավելի քան 50 հազար հավատացյալ կարող է հարկադրված եղած լինել անդամակցել կուսակցությանը։ Դատախազության վարկածով՝ արշավի նպատակն է եղել ազդել նախագահական և խորհրդարանական ընտրությունների վրա, ինչպես նաև ստանալ քաղաքական ու վարչական արտոնություններ, ներառյալ՝ եկեղեցական ենթակառուցվածքների ընդլայնման թույլտվություններ։

Հարավային Կորեայում ընթացող այս հետաքննությունը քաղաքականության վրա կրոնական կազմակերպությունների ենթադրյալ ազդեցությանն առնչվող ավելի լայն քաղաքական գործի մի մասն է։ Այն վարվում է նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի դեմ ընթացող գործընթացների ֆոնին, որը պաշտոնանկ էր արվել կարճատև ռազմական դրություն մտցնելուց հետո և հետագայում հայտնվել քրեական գործերի կենտրոնում։

Զուգահեռաբար, քննությունն ուսումնասիրում է այլ կրոնական կառույցների գործունեությունը, ներառյալ՝ «Միավորման եկեղեցին», որի ղեկավարությունը ևս մեղադրվում է նվիրատվությունների և լոբբինգի միջոցով քաղաքական գործիչների վրա ազդելու փորձերի մեջ։

1984 թվականին հիմնադրված «Շինչհոնջի եկեղեցին» հերքում է մեղադրանքները և հայտարարում, որ իր առաջնորդը «խոստացված հովիվն է», իսկ կազմակերպությունն ինքնին ունի շուրջ 200 հազար հետևորդ։ Միաժամանակ, Հարավային Կորեայում և նրա սահմաններից դուրս այն հաճախ է ենթարկվում քննադատության և աղանդ որակվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *