Պակիստանի ոստիկանությունը չորեքշաբթի հայտնել է ֆրանսուհու և նրա հինգ երեխաների փրկության մասին, երբ կինը հայտարարել է, որ ամուսինն իրեն ավելի քան տասը տարի պահել է անազատության մեջ, և որ ինքը երկրի հյուսիս-արևմուտքում ենթարկվել է երկարատև ընտանեկան բռնության։ Դրա մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Ոստիկանության տվյալներով՝ 54-ամյա Սիլվի Յասմինան հայտնաբերվել է այս շաբաթվա սկզբին Խայբեր Պախտունխվա նահանգի Բարա քաղաքի հողաշեն տներից մեկում՝ Աֆղանստանի հետ սահմանի մոտ։ Շրջանային ոստիկանության ղեկավար Վաքիր Ահմադը հայտնել է, որ նրա ամուսինը՝ Ահմադ Խանը, ձերբակալված է, իսկ քննությունը շարունակվում է։
Ինչպես հաղորդվում է, կինն ազատ է արձակվել այն բանից հետո, երբ նրա որդիներից մեկին հաջողվել է դուրս գալ տնից և հասնել ոստիկանության տեղական բաժանմունք։ Փրկվելուց հետո նրան և երեխաներին պաշտպանության նպատակով տեղափոխել են ոստիկանության կանանց բաժանմունք։
Ըստ իրավապահների՝ Յասմինան նախնական ցուցմունքներում հայտարարել է, որ ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական բռնության, իսկ ամուսինն աչքի է ընկել ծայրահեղ ագրեսիվ վարքագծով։ Հաղորդվում է նաև, որ հայտնաբերման պահին նա գտնվել է կիսավեր սենյակում, իսկ դեմքին եղել են վնասվածքների տեսանելի հետքեր։
Կինը պնդում է, որ 2014 թվականին Պակիստան տեղափոխվելուց ի վեր ազատ ապրելու հնարավորություն չի ունեցել, իսկ նրա երեխաները դպրոց չեն հաճախել։