Իսպանիայի վարչապետի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, չորեքշաբթի հանձնել է իր անձնագիրը Մադրիդի դատարան այն բանից հետո, երբ դատավոր Խուան Կառլոս Պեյնադոն որոշում է ընդունել առգրավել նրա փաստաթուղթը՝ որպես խափանման միջոց։ Վճռի մասին հաղորդում է EFE գործակալությունը։
Որոշումն ընդունվել է երդվյալ ատենակալների կոլեգիայի մասնակցությամբ դատական քննության մեկնարկին զուգահեռ՝ միանգամից չորս հոդվածներով, դրանց թվում՝ ձեռնարկատիրական գործունեության մեջ կոռուպցիայի մեղադրանքներով։
Գոմեսը նշանակված ժամին ժամանել է դատարան և անձնագիրը փոխանցել դատական վարչակազմի ներկայացուցչին։ Միաժամանակ, նրան պաշտոնապես հանձնվել է ծանուցում դատական գործընթացի սկսվելու մասին։ Ամբողջ ընթացակարգը տևել է քսան րոպեից պակաս։
Մեկ օր առաջ նմանատիպ պահանջ էր կատարել նաև Քրիստինա Ալվարեսը, որը նույնպես անցնում է այս գործով։
Դատավորը սահմանափակող միջոցների անհրաժեշտությունը հիմնավորել է մեղադրյալի հնարավոր փախուստի դիմելու ռիսկով։ Իր որոշման մեջ նա ենթադրել է, որ վերոնշյալ հարցում նրան կարող էին աջակցել Իսպանիայի վարչապետի կնոջ անվտանգությունն ապահովող ոստիկանության աշխատակիցները։
Այդ հայտարարությունները առաջացրել են ոստիկանության արհմիությունների և Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկայի կտրուկ արձագանքը, որը պաշտոնական բողոք է հղել Դատական իշխանության գլխավոր խորհրդին։
Դատական իշխանության գլխավոր խորհուրդը երկուշաբթի կարգապահական տեսուչին հանձնարարել է գնահատել՝ արդյոք դատավորի արտահայտություններում առկա չե՞ն լուրջ կարգապահական խախտման հատկանիշներ։
Բեգոնյա Գոմեսի դեմ գործը ժամանակակից Իսպանիայի ամենաաղմկահարույց քաղաքական-դատական գործընթացներից մեկն է և շարունակում է ուժեղացնել ճնշումը Պեդրո Սանչեսի կառավարության վրա։