Վաշինգտոնի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հնարավորությունը և այդ հարցով աշխատում է Կոնգրեսի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Ես գիտեմ, որ [ԱՄՆ պաշտպանության նախարար] Փիթը [Հեգսեթ] և ողջ թիմն այժմ զբաղվում են այս հարցի դիտարկմամբ, քանի որ կան որոշակի հանգամանքներ, որոնք անհրաժեշտ է հստակեցնել՝ ամերիկյան օրենսդրության պահանջներին համապատասխանությունն ապահովելու համար։ Նախագահը մեզ հանձնարարել է զբաղվել դրանով»,- ասել է Վենսը, ով Սպիտակ տանը մասնակցում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպմանը։ «Սա, ըստ էության, Կոնգրեսի տիրույթում գտնվող հարց է։ Խնդիրն այն է, թե արդյոք Թուրքիան կատարում է ամերիկյան օրենքների պահանջները, որպեսզի կարողանա ստանալ F-35-ները»,- պարզաբանել է Վենսը։
«Մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- հավելել է Թրամփը։