Հույս ունեմ՝ կհասցնենք արտահանման նախագիծը հասցնել վերջնակետին․ Փաշինյանը ֆոն դեր Լայենի առաջիկա այցի մասին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան սպասվող այցի օրակարգի կարևորագույն հարցերից մեկը կլինի մեր արտադրանքի, մասնավորապես՝ գյուղմթերքի համար դեպի ԵՄ շուկա պարզեցված հասանելիության ապահովման հնարավորությունը։ Հունիսի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է եվրոպական բարձրաստիճան պատվիրակության սպասվող այցի նշանակությունը՝ նշելով, որ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանի արտգործնախարարի վերջերս ունեցած մասնակցությունը բացառիկ հնարավորություններ է բացում Երևանի առջև։ Փաշինյանը հույս է հայտնել, որ առևտրային խոչընդոտների պարզեցման վերաբերյալ համաձայնագրի շուրջ համատեղ աշխատանքը հաջողությամբ կավարտվի հենց Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ բանակցությունների ընթացքում։ «Հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի հետ մենք կհասցնենք այս նախագիծը հասցնել վերջնակետին, որպեսզի երևանյան այցի ընթացքում միասին հայտարարենք այդ մասին»,- նշել է վարչապետը։

Առևտրային արտոնություններից բացի, եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումների օրակարգում կներառվեն նաև տարածաշրջանային լոգիստիկայի հարցերը և Հայաստանի՝ գլոբալ երթուղիներին ինտեգրվելու հեռանկարները, ներառյալ Միջին միջանցքը, որն այժմ անցնում է Ադրբեջանով և Վրաստանով։ Նիկոլ Փաշինյանը մատնանշել է հայկական «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի պոտենցիալը և ընդգծել, որ Հարավային Կովկասում տրանսպորտային նախագծերը միմյանց չեն հակասում ու չեն մրցակցում։ «Հոսքերն իրականում այնքան հսկայական են, որ դրանք հնարավոր չէ սպասարկել որևէ մեկ առանձին ուղղությամբ։ Հենց այդ պատճառով էլ այս հոսքերի համար մի քանի ճանապարհներ են անհրաժեշտ Հարավային Կովկասում։ Ժամանակն է, որ Հարավային Կովկասի երկրները տարածաշրջանի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածության, որտեղ կան շատ մեծ թվով ընդհանուր շահեր»,- եզրափակել է վարչապետը։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Ուրսուլա ֆոն դեր Լայենը կրկին կայցելի Հայաստան։ Սա նրա երկրորդ այցն է մեր երկիր։ Եվրահանձնաժողովի ղեկավարին կուղեկցի ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Մարտա Կոսը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *