Կարակասի Չակաո համայնքում փրկարարներին հաջողվել է երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի փլատակների տակից 23 մարդու դուրս բերել։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով համայնքի ղեկավար Գուստավո Դուկեին։
Նրա խոսքով՝ բոլոր 23 հոգին արդեն փրկված են։ «Բարեբախտաբար, մենք ձայներ ենք լսում, ինչը նշանակում է, որ մարդիկ ողջ են, և մենք կփրկենք նրանց։ Մենք չենք հեռանա այստեղից, քանի դեռ չենք օգնել վերջին մարդուն, ում դեռ հնարավոր է փրկել, և ես հավատում եմ, որ Աստծո օգնությամբ մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- հեռուստաալիքը մեջբերում է քաղաքապետի խոսքերը։ Գուստավո Դուկեն նաև հավելել է, որ փրկվածներն արդեն ստանում են անհրաժեշտ բժշկական օգնությունը։
Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան ընդմիջումով գրանցվել է ստորգետնյա ցնցումների երկու ալիք (7,2 և 7,5 մագնիտուդով)։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։ Երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի փոխանցմամբ՝ զոհվել է առնվազն 32 մարդ, ևս 700-ը՝ վիրավորվել են։ Տասնյակ շենքեր հիմնահատակ ավերվել են։ Վենեսուելայի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել երկրում, իսկ ափամերձ Լա Գուայրա նահանգը կառավարության որոշմամբ ճանաչվել է աղետի գոտի։