Մեծ Բրիտանիան լրացուցիչ 380 մլն դոլար է հատկացրել Ուկրաինայի վերականգնման համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավելյալ 290 միլիոն ֆունտ ստերլինգ (380 միլիոն դոլար) է հատկացրել Ուկրաինայի վերականգնման համար։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը։

Օգնության նոր փաթեթը ներառում է բրիտանական «Urenco» ընկերության հետ 210 միլիոն ֆունտ ստերլինգի պայմանագիր, որով նախատեսվում է միջուկային վառելիք մատակարարել ուկրաինական պետական «Էներգոատոմ» ընկերությանը։ Բացի այդ, բրիտանական կողմը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ «մինչև 65 միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Ուկրաինայի վերականգնվող էներգետիկայի և բանկային ոլորտի ծրագրերին»։ «Այս ներդրումների շրջանակում նախատեսվում է երկու քամու էլեկտրակայան կառուցել և «Լվով» բանկի միջոցով աջակցել բիզնեսին»,- ասված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բրիտանական ընկերությունները կմասնակցեն նաև Լվովի օդանավակայանի արդիականացմանը։ Գումարի մի մասն էլ կուղղվի Ուկրաինայում հակակոռուպցիոն ծրագրերի, ինչպես նաև դատաիրավական և պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացմանը։ Կուպերն այս մասին հայտարարել է Գդանսկում ընթացող՝ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի ժամանակ։ 2022 թվականից ի վեր Ուկրաինայի ոչ ռազմական կարիքների համար Մեծ Բրիտանիայի տրամադրած ընդհանուր օգնությունը հասել է 5,6 միլիարդ ֆունտ ստերլինգի (7,4 միլիարդ դոլար)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *