Ադրբեջանի նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Մայրցամաքային Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերի հետ։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպման մասին Հաջիևը հայտնել է սոցիալական ցանցերում։
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև անցյալ ամիս անցկացված հեռախոսազրույցի ֆոնին։
«Մենք դիտարկեցինք ադրբեջանա-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները։ Նաև մտքերի փոխանակում իրականացրեցինք տարածաշրջանային գործընթացների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- գրել է Հաջիևը։