Ռուսաստանի արդարադատության նախարարությունը մտադիր է լուծել ռեփում թմրանյութերի և բռնության քարոզչության խնդիրը

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը վերջին երկու ամսվա ընթացքում հայրենական ռեփում թմրանյութերի, բռնության քարոզչության և բարոյահոգեբանական հիմքերի ժխտման մեծ թվով օրինակներ է արձանագրել։ Դրա մասին հայտարարել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Օլեգ Սվիրիդենկոն, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Ըստ նրա՝ ընթացիկ և հաջորդ տարի Արդարադատության նախարարությունը այլ գերատեսչությունների հետ միասին զբաղվելու է այս թեմայով։

Օլեգ Սվիրիդենկոն չի հստակեցրել, թե որ ռեփերների մասին է խոսքը։ «Մոտ ժամանակներս՝ կարծում եմ ընթացիկ 26 թվականին և հաջորդող 27 թվականին, դուք բոլորդ կիմանաք նրանց, երբ մենք արդեն պաշտոնապես հայտարարենք դրա մասին»,- ասել է նա Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումի ժամանակ։

«Այս գաղափարական պատերազմում փոխվում են մեթոդներն ու գործիքները։ Եթե նախկինում դրանք տպագրական հաստոցներն ու ռադիոկայաններն էին, ապա այսօր դրանց փոխարինելու են եկել թելեգրամյան ալիքները, սթրիմները, տեսահոլովակները և հանրաճանաչ կատարողների կերպարները»,- հավելել է փոխնախարարը։

Մարտի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել համացանցում թմրանյութերի քարոզչության արգելքը։ Համապատասխան մակնշման բացակայության համար նախատեսված են տուգանքներ։ Տարվա ընթացքում կրկնակի խախտումից հետո ուժի մեջ է մտնում քրեական պատասխանատվությունը։ Առավելագույն պատիժը մինչև երկու տարի ժամկետով ազատազրկումն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *