Փարիզի դատարանը հինգշաբթի վճռել է, որ TotalEnergies էներգետիկ ընկերությունը պետք է հաշվի առնի ջերմոցային գազերի այն արտանետումները, որոնք առաջանում են հաճախորդների կողմից իր արտադրանքի սպառման արդյունքում, հաղորդում է Associated Press գործակալությունը։
Ընկերությանը վեց ամիս ժամանակ է տրվել՝ պատրաստելու հաշվետվություն կլիմայական այն ռիսկերի վերաբերյալ, որոնք կապված են իր արդյունահանած նավթի և գազի օգտագործման հետ։
Որոշումն ընդունվել է Ֆրանսիայում տիրող ռեկորդային շոգի ֆոնին, սակայն այն չի բավարարել բնապահպանական կազմակերպությունների պահանջները, որոնք ձգտում էին ավելի խիստ միջոցների կիրառմանը, ներառյալ նավթի և գազի արդյունահանման կրճատումը։
Դատարանը նոր նիստ է նշանակել 2027 թվականի հունվարին՝ ընկերության թարմացված վերլուծությունը գնահատելու համար՝ «զգոնության պարտականության» մասին 2017 թվականի օրենքի շրջանակում։ Այդ օրենքը խոշոր ընկերություններին պարտավորեցնում է կանխարգելել մարդու իրավունքների խախտումներն ու բնապահպանական ռիսկերը։ Սա առաջին դեպքն է, երբ տվյալ օրենքը կիրառվում է կլիմայի փոփոխության հարցերի նկատմամբ։
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ օրենքը չի նախատեսում ընկերությունների վրա պատասխանատվություն դնել գլոբալ կլիմայական ռիսկերի համար, որոնք առնչվում են արդյունաբերական դարաշրջանի սկզբից ի վեր մարդկության գործունեությանը, այլ պահանջում է հաշվի առնել դրանք՝ «ընկերության սեփական գործունեությանը և իրավիճակին համապատասխան»։
Հայցը 2020 թվականին ներկայացրել էին Notre Affaire à Tous, Sherpa, France Nature Environnement, ZEA բնապահպանական կազմակերպությունները, ինչպես նաև Փարիզ քաղաքը։
Հայցվորները պնդում են, որ TotalEnergies-ը ջերմոցային գազերի արտանետումների խոշորագույն պատմական աղբյուրներից մեկն է։ Նրանք պահանջում էին ընկերությանը պարտավորեցնել մինչև 2030 թվականը կրճատել նավթի արդյունահանումը 37%-ով, իսկ գազինը՝ 25%-ով, ինչպես նաև դադարեցնել հանածո վառելիքի գծով նոր նախագծերի իրականացումը։
Դատարանի որոշումը համընկել է Եվրոպայում արտառոց շոգի ժամանակաշրջանի հետ, որը պատուհասել է նաև Մեծ Բրիտանիային և Իսպանիային, որտեղ օդերևութաբանական ծառայությունները բարձր ջերմաստիճանի պատճառով հայտարարել էին վտանգի կարմիր մակարդակ։ Ֆրանսիայում, ինչպես և այլ երկրներում, շոգը հանգեցրել է տրանսպորտի, դպրոցների և զբոսաշրջային ենթակառուցվածքների, դրանց թվում՝ Էյֆելյան աշտարակի և Լուվրի աշխատանքի սահմանափակումներին։
Փորձագետները նշում են, որ Եվրոպան աշխարհում ամենաարագ տաքացող մայրցամաքն է, իսկ կլիմայական փոփոխություններն արդեն իսկ հանգեցնում են արտառոց եղանակային երևույթների թվի աճին և շոգի հետ կապված մահացության մակարդակի բարձրացմանը։