Լեհաստանի փոխվարչապետ Ռադոսլավ Սիկորսկին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի բացառում առաջիկա երկու տարվա ընթացքում Ռուսաստանի կողմից այսպես կոչված «կեղծ դրոշի ներքո գործողության իրականացման հնարավորությունը՝ ՆԱՏՕ-ի պետություններից մեկի վրա հարձակումը հիմնավորելու նպատակով։
Սիկորսկու կարծիքով՝ ինքը չի բացառում մի սցենար, որի դեպքում Ռուսաստանը կարող է «սադրանք իրականացնել սեփական տարածքում», որպեսզի այնուհետև դա օգտագործի որպես պատրվակ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրին հարվածելու համար։
Նա ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հստակ հասցնելու անհրաժեշտությունը, որ նման գործողությունները հայտնի են և կգնահատվեն որպես անընդունելի, իսկ ՆԱՏՕ-ի տարածքի վրա ցանկացած հարձակում կարժանանա պատասխանի։
Սիկորսկին նշել է նաև, որ, իր կարծիքով, Ուկրաինայի հաջող դիմադրությունը թուլացրել է Ռուսաստանի ռազմական հնարավորությունները և սահմանափակել ՆԱՏՕ-ի արևելյան թևի դեմ լարվածության հնարավոր սրացման նրա կարողությունը։
Նրա գնահատմամբ՝ մարտի դաշտում իրավիճակը չի զարգանում գծային տարբերակով, սակայն ներկայիս փուլը, երբ Ռուսաստանը պահպանում էր նախաձեռնողականությունը, կարող է ավարտվել։
Լեհաստանի փոխվարչապետը ընդգծել է նաև Լեհաստանի առանցքային դերը Ուկրաինային զենքի մատակարարման հարցում՝ նշելով, որ լեհ-ուկրաինական սահմանով է անցնում արևմտյան երկրների ռազմական օգնության գերակշիռ մասը։
Միևնույն ժամանակ նա մատնանշել է լեհ-ուկրաինական հարաբերություններում առկա լարվածությունը, որը կապված է պատմական հարցերի հետ, և կոչ է արել Ռուսաստանին թույլ չտալ օգտագործել այդ տարաձայնությունները։
Սիկորսկին հայտարարել է նաև, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր բանակցությունները պետք է ընթանան ուղղակիորեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահի միջև՝ առանց միջնորդների։
Նրա խոսքով՝ արևմտյան երկրները հակամարտության չեզոք կողմեր չեն, այլ աջակցում են Ուկրաինային՝ որպես ագրեսիայի զոհի։