3,2 միլիոն տարվա հնություն ունեցող, մարդու ամենահայտնի նախնիներից մեկի՝ հանրահայտ Լյուսիի կմախքը, երկար տարիներից հետո առաջին անգամ դուրս է բերվել Եթովպիայից և ներկայացվել Աբու Դաբիի Բնական պատմության թանգարանում, որտեղ դարձել է նոր ցուցադրության կենտրոնական նմուշը, գրում է The Conversation-ը։
Australopithecus afarensis տեսակի ներկայացուցիչ Լյուսին համարվում է XX դարի պալեոանթրոպոլոգիական ամենակարևոր գտածոներից մեկը։ Նրա աճյունները հայտնաբերվել են 1974 թվականին Եթովպիայի Աֆար շրջանում՝ ամերիկացի պալեոանթրոպոլոգ Դոնալդ Ջոհանսոնի ղեկավարած միջազգային հետազոտական խմբի կողմից։
Կմախքի բացառիկ լավ պահպանվածության շնորհիվ գիտնականները ստացել են համոզիչ ապացույցներ այն մասին, որ ուղղաձիգ քայլվածքը մարդու նախնիների մոտ ձևավորվել է զգալիորեն ավելի վաղ, քան տեղի է ունեցել ուղեղի ծավալի էական մեծացումը։
Եթովպիայում բրածոն անվանում են Դինկնեշ, ինչը ամհարերեն նշանակում է «Դու գեղեցիկ ես»։ Արևմուտքում այն ստացել է Լյուսի անունը՝ The Beatles խմբի «Lucy in the Sky with Diamonds» երգի անվանումից։ Տասնամյակների ընթացքում Լյուսին դարձել է ոչ միայն մարդու ծագման ուսումնասիրության գիտական խորհրդանիշ, այլև Եթովպիայի գլխավոր մշակութային խորհրդանիշներից մեկը։
Վերջին անգամ Լյուսին լքել էր հայրենիքը 2007–2013 թվականներին ԱՄՆ-ում կազմակերպված ցուցահանդեսային շրջագայության շրջանակում։ Այդ ժամանակ նրա տեղափոխումը վեճեր էր առաջացրել գիտնականների շրջանում, որոնք մտահոգված էին եզակի բրածոյի պահպանությամբ։ Այդ պատճառով նոր ճանապարհորդությունը կազմակերպվել է աննախադեպ անվտանգության միջոցներով։
Կազմակերպիչների խոսքով՝ տեղափոխման նախապատրաստությունը կատարվել է խիստ գաղտնիության պայմաններում։ Եթովպիայի մշակութային ժառանգության վարչության և Եթովպիայի ազգային թանգարանի մասնագետները, Արաբական Միացյալ Էմիրություններից գործընկերների հետ համատեղ, մշակել են փաթեթավորման և շրջակա միջավայրի վերահսկման հատուկ համակարգ։ Յուրաքանչյուր ոսկոր տեղադրվել է առանձին պաշտպանիչ տարայի մեջ, իսկ ջերմաստիճանային ռեժիմն ու խոնավությունը մանրակրկիտ վերահսկվել են երթուղու ամբողջ ընթացքում։
Աբու Դաբի հասնելուց հետո Եթովպիայի ազգային թանգարանի պահապան Սահլեսելասիե Մելակուն անձամբ մասնակցել է ցուցանմուշի տեղադրմանը։ Արդյունքում թանգարանի այցելուները հնարավորություն են ստացել տեսնել ոչ թե պատճենը, այլ ավելի քան երեք միլիոն տարի առաջ Երկրի վրա ապրած էակի իսկական աճյունները։
Նախագծի հեղինակները նշում են, որ ցուցահանդեսը նշանակություն ունի ոչ միայն գիտության համար։ Նրանց կարծիքով՝ Լյուսիի ժամանակավոր փոխանցումը արտացոլում է մշակութային ժառանգության կառավարման մոտեցումների փոփոխությունները։ Եթե անցյալում աֆրիկյան կարևորագույն շատ գտածոներ տասնամյակներով հայտնվում էին Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի թանգարաններում, ապա այսօր ծագման երկրներն ավելի ու ավելի հաճախ իրենք են սահմանում իրենց ազգային գանձերի պահպանման, ուսումնասիրման և ցուցադրման պայմանները։
Աբու Դաբիի Բնական պատմության թանգարանը, որը բացվել է 2025 թվականի նոյեմբերին, ստեղծվել է որպես ժամանակակից գիտակրթական կենտրոն՝ նվիրված կենսաբազմազանությանը, բնության պահպանությանը և Երկրի վրա կյանքի պատմությանը։ Թանգարանի ղեկավարությունը Եթովպիայի հետ համագործակցությունը դիտարկում է որպես միջազգային գիտական գործընկերության նոր մոդելի օրինակ։
Ակնկալվում է, որ 2026 թվականի հուլիսին Լյուսին կվերադառնա Ադիս Աբեբա։