Ուկրաինան գիշերը ռեկորդային թվով անօդաչուներով գրոհել է Ռուսաստանի դեմ

Ուկրաինայի զինված ուժերը պատերազմի սկզբից ի վեր իրականացրել են Ռուսաստանի դեմ ամենախոշոր գիշերային գրոհը։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հունիսի 26-ի գիշերը ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը 12 տարածաշրջանների և բռնակցված Ղրիմի երկնքում «որսացել և ոչնչացրել են» 660 ուկրաինական անօդաչու սարք։ Մինչ այդ ներգրավված դրոնների թվով ամենախոշորը մայիսի 17-ի գիշերային գրոհն էր, երբ ռուսական ռազմական գերատեսչությունը հայտնել էր 556 խոցված դրոնի մասին։ Այս ռեկորդը գրեթե կրկնվեց հունիսի 18-ի գիշերը․ զինվորականները զեկուցել էին 555 ոչնչացված անօդաչու սարքի մասին։ Բացի այդ, հունիսի 18-ին Ուկրաինայի Զինված ուժերը Ռուսաստանի ուղղությամբ մեկ օրվա ընթացքում արձակել էին դրոնների ռեկորդային թիվ՝ 992։

Անցած գիշեր Ուկրաինայի Զինված ուժերի հիմնական թիրախներից մեկը Տուլայի մարզն էր, որտեղ, ըստ նահանգապետ Դմիտրի Միլյաևի, խոցվել է 157 անօդաչու սարք։ Տարածաշրջանի ղեկավարը հայտնել է Նովոմոսկովսկում արդյունաբերական ձեռնարկության և Շչյոկինոյի շրջանում մասնավոր տան վնասման մասին։ Տուժել է մեկ կին։ Ինչպես պարզել է Astra-ն, դրոնները հարվածել են «Ազոտ» գործարանին, որը ամոնիակի և ազոտական պարարտանյութերի խոշորագույն հայրենական արտադրողն է և, ըստ Reuters-ի, մատակարարել է հումք պայթուցիկ նյութերի համար։ Նովոմոսկովսկում նաև հրդեհվել է ՋԷԿ-ը, որը ջերմությամբ և տաք ջրով ապահովում է քաղաքի բնակելի հատվածի, որտեղ բնակվում է ավելի քան 115 հազար մարդ, 60 տոկոսը։

Ուկրաինական հարձակման ևս մեկ թիրախ է եղել Մոսկվան։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալներով՝ գիշերվա ընթացքում քաղաքի մատույցներում խոցվել է առնվազն 47 դրոն։ Այլ մանրամասներ Սոբյանինը չի հայտնել՝ միայն հավելել է, որ արտակարգ ծառայություններն աշխատում են բեկորների ընկնելու վայրերում։ Տուժածների մասին տեղեկություն չկա։ Այս ֆոնին մոսկովյան «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում թռիչքների ընդունման և ուղարկման սահմանափակումներ էին մտցվել։

Ուկրաինան ավելի ու ավելի մեծ թվով դրոններով գրոհում է Ռուսաստանի տարածքը, ինչը հանգեցնում է ՀՕՊ համակարգերի գերծանրաբեռնվածության, նշել էր The Wall Street Journal-ը։ Պարբերականի հաշվարկներով՝ մայիսին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր 8 849 անօդաչու սարք որսալու մասին, մինչդեռ հունվարին այդ թիվը 3 676 էր, իսկ անցյալ տարվա մայիսին՝ 2 504։ Արդյունքում՝ հարվածների արդյունավետությունը մեծանում է։ Պաշտպանական հետախուզությամբ զբաղվող Janes ընկերության տվյալներով՝ այս տարի Ուկրաինայի կողմից ռուսական թիկունքին հասցված հաջող հարվածների շուրջ 35 տոկոսը բաժին է ընկել հունիսին։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ հաստատել է Ուկրաինայի անվտանգության ծառայության համար Ռուսաստանի նկատմամբ «40-օրյա ազդեցության գործողությունը»՝ «պատերազմի դադարեցմանը հասնելու նպատակով»։ Թե ինչ է դա ենթադրում՝ նա չի հստակեցրել։ Սակայն մինչ այդ Զելենսկին քննարկել էր «հեռահար պատժամիջոցների պլանը, միջին հեռահարության պատժամիջոցները» և հատուկ գործողությունների «Ալֆա» կենտրոնի աշխատանքը ճակատում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *