ԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. Reuters


Հարեվաններ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Թուրքիային ավելի քան 700 միլիոն դոլար արժողությամբ տասնյակ ռեակտիվ շարժիչներ վաճառելու իր մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Կոնգրեսին ուղղված համապատասխան ծանուցումը։ «ԱՄՆ կառավարությունը պատրաստ է լիցենզավորել այս ապրանքների արտահանումը՝ հաշվի առնելով քաղաքական, ռազմական, տնտեսական, մարդու իրավունքների և զենքի վերահսկողության նկատառումները», – նշվել է Պետքարտուղարության կողմից Կոնգրեսին ուղղված ծանուցման մեջ։

Կոնգրեսն ունի 15 օր, որպեսզի համատեղ բանաձևով  մերժի վաճառքը, եթե ցանկանում է արգելափակել այն։ Նման բանաձևը պետք է ընդունվի երկու պալատներում, և Թրամփը կարող է վետո դնել դրա վրա։ Ըստ Reuters-ի՝ շարժիչների մատակարարումը «կարևոր ժեստ կլինի Անկարայի համար՝ հուլիսի սկզբին այնտեղ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ»։

Խոսքը General Electric շարժիչների մասին է՝ նախատեսված Թուրքիայի կողմից մշակվող հինգերորդ սերնդի Kaan կործանիչների համար. դրանք ամերիկյան F-35 կործանիչների թուրքական այլընտրանքն են այն բանից հետո, երբ Անկարան հեռացվել էր F-35 կործանիչների ծրագրից ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերման պատճառով։ Թուրքիայի կողմից 2019 թվականին ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը վատթարացրել է հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *