Վերականգնողները Ռեմբրանդտի վաղ շրջանի նկարում թաքնված տարրեր են հայտնաբերել

Ռեմբրանդտի վաղ շրջանի «Թույլ տվեք երեխաներին գալ Ինձ մոտ» կտավի վերականգնողական աշխատանքները հանգեցրել են զգալիորեն ուշ արված փոփոխությունների հայտնաբերման, որոնք մի քանի դար շարունակ թաքցրել էին բնօրինակ կոմպոզիցիայի մի մասը։ Այս մասին հայտնել է The Guardian-ը՝ հղում կատարելով XVII դարի կտավի ուսումնասիրությանը մասնակցած մասնագետներին։

Վերլուծության ընթացքում վերականգնողները հեռացրել են ավելի ուշ արված վերաներկման շերտերը և պարզել, որ կենտրոնական կերպարներից մեկը սկզբում պատկերված է եղել չալմայով։ Հետագայում անհայտ նկարիչը կամ կտավի սեփականատերը այն փոխարինել է ավանդական նիդեռլանդական փափուկ գլխարկով, ինչն էապես փոխել է տեսարանի էթնիկական և տեսողական բնույթը։ Նման կերպով փոխվել է նաև երեխայի կերպարը, որին ուշ շրջանի հեղինակը հագուստ է հագցրել, ինչպես նաև լրացվել է առաջին պլանը։

Sotheby’s-ի տվյալներով՝ հետագա նկարչի միջամտությունը «պարզեցրել» է կոմպոզիցիան և այն ավելի համապատասխան դարձրել XVIII դարի սեփականատերերի ճաշակին ու կրոնական պատկերացումներին։ Ուշ շերտերի հեռացումից հետո կտավն ավելի մոտ է դարձել Ռեմբրանդտի նախնական մտահղացմանը, ինչը թույլ է տվել փորձագետներին հաստատել դրա իսկությունը և հեղինակությունը։

Արվեստաբանները նշել են, որ սյուժեն և կերպարների բազմազանությունն արտացոլում են 1620-ականների Լեյդենի սոցիալական համատեքստը, ուր Երեսնամյա պատերազմի տարիներին գալիս էին հազարավոր փախստականներ։ Պատմաբան Էնդրյու Գրեմ-Դիքսոնը աշխատանքը կապում է կրոնական հանդուրժողականության գաղափարների հետ, որոնք մոտ էին ռեմոնստրանտներին, որոնց հետ Ռեմբրանդտը կապված էր երիտասարդ տարիներին։

Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ նկարիչը կոմպոզիցիայում ներառել է իր ընտանիքի անդամներին, այդ թվում՝ ծնողներին, ինչպես նաև երիտասարդ Ռեմբրանդտի ինքնադիմանկարը։ Փորձագետները ենթադրում են, որ այս աշխատանքը կարող էր ծառայել որպես մասնագիտական աճի ցուցադրություն Պիտեր Լաստմանի մոտ ուսանելուց հետո։

2014 թվականին գերմանական աճուրդում որպես նիդեռլանդական դպրոցի անանուն աշխատանք հայտնաբերված կտավը հանրությանը կներկայացվի վերականգնված տեսքով հունիսի 27-ին, Sotheby’s-ի լոնդոնյան գրասենյակում։ Հուլիսյան աճուրդում դրա գինը կկազմի 8-12 միլիոն ֆունտ սթեռլինգ (10,5-15,5 միլիոն դոլար)։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *