Ճանապարհային քարտեզի ուղղությունը հասկանալով կորոշենք, թե որ ուղղությամբ ենք առաջ ընթանում, բայց մեզ համար շատ կարևոր է թափանցիկությունը ապահովել, այսօր շատ թեժ, հետաքրքիր և ինտենսիվ փակ հանդիպում ենք ունեցել այն մարդկանց հետ, որոնք մեզ վստահություն են տվել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 26–ին, ՍԴ–ի դիմաց ընդդիմադիր ուժերի համատեղ բողոքի ակցիայի ժամանակ նշեց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ հանդիպումները կշարունակվեն։
«Հանդիպումը փակ ֆորմատով էր։ Բոլորի նպատակը մեկն էր՝ իշխանափոխություն, բոլորը համարում էին, որ ընտրակեղծիքներով իշխանություն պահել ցանկացող իշխանությանը պետք է հնարավորություն չտանք վերարտադրվելու։ Բայց գործիքակազմերի տարբերության մասին էինք խոսում։ Ինչ–որ ընդհանուր տրամադրություն գտանք, բայց պետք է աշխատենք, որ մեր հայրենակիցների վստահությունն արդարացնենք։
Բացի այդ, տեղի է ունենալու հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ, իրենց հետ քննարկումների մեջ ենք ընդհանուր ռազմավարություն ունենալու համար։ Հիմնական հարցը ձայների փոշիացման դեմ պայքարն է։ Փոշիացումը բերել է նրան,ո ր իշխանությունն ունենալով 50 տոկոսից քիչ ձայն, փորձում է վերարտադրվել»,–ասաց Կարապետյանը։
Նա նկատեց, որ ՔՊ–ն ԱԺ–ում իր ունեցած ձայներով չի կարող հանրաքվեի դնել նոր Սահմանադրություն ընդունելու հարցը. «Եթե ՍԴ–ն գտնվի օրենքի, իրավունքի գերիշխանության տրամաբանության մեջ, մենք հնարավորություն ենք ունենալու նաև 3/5–ի սահմանափակումը կիրառել իշխանության դեմ և այդ պարագայում շատ են սահմանափակված լինելու իշխանությունները։ Մի բան պարզ է, իշխանությունը չի կարող Ալիևւի պատվերով հանրաքվե անել»։
Դիտարկմանը, որ իրենք որոշում ունեն վերցնել մանդատները, ու հիմա նման հանդիպումներով փորձում են ներկայացնել, թե ժողովուրդն է այդպես ուզում, Նարեկ Կարապետյանն ասաց. «Ընտրություններին հաջորդող օրերին թիմի մեծամասնությունը ցանկություն չուներ վերցնելու մանդատները։ Հետագայում մենք մի քանի ճանապարհ ենք քննարկում։ Ես հիմա չեմ կարող վստահ ասել, որ արդեն ունենք որոշած ճանապարհ, ՍԴ–ի որոշումից հետո, քննարկումների արդյունքում հանդես կգանք հայտարարությամբ»։
Նա խոստովանեց, որ ՍԴ–ի նկատմամբ անվստահություն կա, բայց միաժամանակ չեն կարող մերժել պետական բոլոր ինստիտուտները. «ՍԴ–ն կարող է ապահովել, որ ԲՀԿ–ի 58 հազար ձայները չգողանան»։
Ինչ վերաբերում է լուրերին, որ Սամվել Կարապետյանը «գոստրոլյոր» է և շուտով հեռանալու է Հայաստանից, Նարեկ Կարապետյանն ասաց. «Սամվել Կարապետյանը երկար պլաններ ունի Հայաստանում, մենք ամեն ինչ անելու ենք, որ փոփոխություն լինի Հայաստանում և վերակառուցման գնա մեր երկիրը։ Դուք տեսաք, որ առաջին օտար երկրի ներկայացուցիչը, որ եկավ Հայաստան, չի եղել ԵՄ–ից, չի եղել ԱՄՆ–ից, չի եղել մեր հարևան երկրների ներկայացուցիչը, եղել է Ադրբեջանի նախագահի օգնականը, ով եղել է այն քաղաքում, որտեղ ոչ աշխատանքային օր եղել է ՀՀ վարչապետը։ Սա նշանակում է, որ ինչքան երկար այս իշխանությունը մնա, այնքան շատ են վտանգները։ Այն վտանգները, որի մասին մենք բարձրաձայնել ենք և որի մասին երկու օր առաջ ընդունել ՔՊ–ի ղեկավարը, որ այսօր Ադրբեջանում կա «արևմտյան Ադրբեջանի» խոսույթը»։
Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ իշխանությունը կփորձի բռնաճնշումներով ազդել իրենց պատգամավորների վրա, որպեսզի կարողանա հանսել նրան, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվե նախաձեռնվի, բայց դա նրանց չի հաջողվի։
«Մենք դեռ քննարկում ենք, թե որն է ամենաէֆեկտիվ ուղին Փաշինյանին հեռացնելու համար։ Այսօր տեղի ունեցած քննարկմանը մարդկանց կարծիքները 50/50 հարաբերակցությամբ բաժանվել են՝ կապված մանդատները վերցնել–չվերցնելու, նաև պայքարի մեթոդների հետ կապված։ Իմացեք, որ այդ մանդատները ոչինչ չեն տալիս, բացի բռնաճնշումներից։ Մենք դրա կարիքը չունենք, հիմնական կարիքը Փաշինյանին փոխելն է։ Այստեղ հարց է, թե եթե մենք չվերցնենք մանդատները, արդյոք ՔՊ–ի ղեկավարը ԱԺ չ բերի այլ կուսակցությունների ներկայացուցիչների։
Եթե փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ լինեն, իսկ ԱԺ–ում զրո ընդդիմադիր, փոփոխությունը գրեթե անհնար է լինելու։ Եթե օրենսդիրում լինի 44 ընդդիմադիր և փողոցում զրո մարդ, այդ դեպքում էլ փոփոխությունը խնդրահարույց է լինելու։ Դրա համար ճանապարհային քարտեզը պարզ է՝ փողոցն ապահովում է երկրում վիճակ, օրենսդիրը ընունում է ճիշտ որոշումը»։
Նշենք, որ Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որտեղ հավաքվել են ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները և նրանց աջակիցները։ Մասնավորապես, համատեղ ակցիա են անում «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը։ Այստեղ են նաև ԲՀԿ–ականները, «Հայաքվե» նախաձեռնության անդամները։
Նշենք, որ այսօր ՍԴ–ում մեկնարկել է ԱԺ ընտրությունները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։