Ջոն Բոլթոնը խոստովանել է մեղքը գաղտնի տվյալների հետ անփույթ վարվելու գործով

Ջոն Բոլթոնը Մերիլենդ նահանգի Գրինբելտ քաղաքի դատարանում խոստովանել է իր մեղքը պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ անփույթ վարվելու գործով։

Դատարանի տվյալներով՝ նա գործարք է կնքել քննչական մարմինների հետ և համաձայնել է մեղադրանքի դրվագներից մեկի, ինչպես նաև ավելի քան 2 միլիոն դոլարի չափով տուգանք վճարելու հետ։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականին կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում, սակայն դատավճիռը կարող է նաև բանտային կալանք չնախատեսել։

Ինչպես հաղորդվում է, ավելի վաղ Հետաքննությունների դաշնային բյուրոն Բոլթոնի մոտ հայտնաբերել էր գաղտնի փաստաթղթերին, ներառյալ զանգվածային ոչնչացման զենքին, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանն ու կառավարության ռազմավարական հաղորդակցություններին առնչվող նյութեր։ Խուզարկությունները տեղի են ունեցել Վաշինգտոնում գտնվող նրա գրասենյակում, ինչպես նաև տանը․ առգրավվել են համակարգիչներ և այլ էլեկտրոնային սարքեր։

Ջոն Բոլթոնը ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրել է 2018–2019 թվականներին։ Նա հայտնի է որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության ամենաարմատական «բազեներից» մեկը և բազմիցս հանդես է եկել Իրանի դեմ խիստ միջոցներ կիրառելու օգտին։ Պաշտոնից հեռանալուց հետո նա դարձել է Դոնալդ Թրամփի քննադատը և հրատարակել է հուշագրություններ, որոնք քաղաքական մեծ արձագանք են առաջացրել Սպիտակ տան աշխատանքի մանրամասների բացահայտման պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *