Լիտվայի նախկին վարչապետը դատարանում բողոքարկել է էթիկայի հանձնաժողովի որոշումը

Լիտվայի վարչապետի պաշտոնակատար Ինգա Ռուգինենեն բողոքարկել է Ծառայողական էթիկայի բարձրագույն հանձնաժողովի (VTEK) որոշումը, որով ոչ իրավաչափ էր ընդունվել Իտալիա և Վատիկան կատարած ուղևորությունների ժամանակ նրա ընտանիքի անդամների ներառումը պաշտոնական պատվիրակությունների կազմում,  հաղորդում է LRT-ն։

Բողոքն ուղարկվել է Տարածաշրջանային վարչական դատարան։ Դրանում Ռուգինենեն խնդրում է չեղարկել հանձնաժողովի որոշումը՝ պնդելով, որ այն անհիմն է, անօրինական և հակասում է պատշաճ պետական կառավարման սկզբունքներին։

Ըստ քաղաքական գործչի՝ VTEK-ը հաշվի չի առել կառավարական պատվիրակությունների ձևավորման և դրանց մասնակիցների ծախսերի վճարման կարգի գրեթե 30-ամյա գործելակերպը, որին հետևել են ինչպես կառավարության նախկին ղեկավարները, այնպես էլ պետական հաստատությունները։

Բողոքարկման մեջ նշվում է նաև, որ հենց վարչապետն է հաստատում պաշտոնական պատվիրակությունների կազմը, իսկ ընտանիքի անդամների մասնակցությունն արտասահմանյան այցերին ինքնին չի վկայում նրանց կողմից որևէ անձնական օգուտ ստանալու մասին։

Ամսվա սկզբին էթիկայի հանձնաժողովը հանգել էր այն եզրակացության, որ Ռուգինենեն խախտել է հանրային և մասնավոր շահերի համադրման մասին օրենքը՝ իր ընտանիքի անդամներին ներառելով կառավարական պատվիրակությունների կազմում և հրամայելով նրանց ուղևորությունների վճարումը կատարել պետական բյուջեի հաշվին։

Խոսքը փետրվարի 6–10-ը Իտալիա կատարած այցի մասին է, որտեղ վարչապետն ամուսնու հետ այցելել է Միլանի և Կորտինա դ’Ամպեցոյի Օլիմպիական խաղեր, ինչպես նաև մարտի 6–8-ը Վատիկան կատարած ուղևորության մասին, որի ժամանակ նրան ուղեկցել են ամուսինը, դուստրն ու որդին։

Երեքշաբթի Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ընդունել է Ինգա Ռուգինենեի կառավարության հրաժարականը՝ կառավարող կոալիցիայի վերաձևավորման առնչությամբ։ Հինգշաբթի նա նոր վարչապետի պաշտոնում առաջադրել է Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մինդաուգաս Սինկյավիչյուսի թեկնածությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *