Ֆրանսիայում չեն հրապարակի պաշտոնյաների թմրանյութերի թեստերի արդյունքները

Ֆրանսիայի կառավարությունը չի նախատեսում հրապարակել նախարարների, կառավարության անդամների և բարձր պաշտոն զբաղեցնող պետական ծառայողների շրջանում թմրանյութերի թեստավորման արշավի արդյունքները։ Այդ մասին AFP-ն հայտնում է՝ հղում անելով մի քանի անկախ աղբյուրների։

Միևնույն ժամանակ, այն պաշտոնյաները, որոնց թեստերը դրական արդյունք ցույց տան, կազատվեն զբաղեցրած պաշտոններից։ Գործակալության տվյալներով՝ նման միջոցառում արդեն կիրառվել էր մի քանի ամիս առաջ՝ գյուղատնտեսության հարցերով խորհրդականի և Ֆինանսների նախարարության բարձրաստիճան աշխատակիցներից մեկի նկատմամբ։

Վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի շրջապատում պարզաբանել են, որ արշավի նպատակը ոչ թե առանձին անձանց հրապարակային դատապարտումն է, այլ պետական անվտանգության ապահովումը։

«Մենք դատարան չենք։ Մենք սկսել ենք այս արշավը՝ որպես օրինակ և հանուն պետության անվտանգության։ Այս պաշտոններն իրենց բնույթով կապված են բարձր ռիսկերի հետ և մարդկանց դարձնում են ավելի խոցելի։ Սակայն մենք մտադիր չենք հրապարակել այն աշխատակիցների անունները, որոնք, հնարավոր է, օգտագործում են թմրանյութեր», — հայտարարել են կառավարության ղեկավարի աշխատակազմում։

Արշավը մեկնարկել է անցյալ շաբաթ և ֆրանսիական իշխանությունների՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուժեղացման ավելի լայն ռազմավարության մի մասն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *