Տեխասը հաստատել է դպրոցներում աստվածաշնչյան տեքստերի պարտադիր ուսումնասիրությունը

Ամերիկյան Տեխաս նահանգի կրթական խորհուրդը հավանություն է տվել մի ծրագրի, ըստ որի աստվածաշնչյան սյուժեների ուսումնասիրությունը պարտադիր պետական կդառնա դպրոցների բոլոր՝ շուրջ հինգ միլիոն աշակերտների համար։ Այս որոշումը թեժ քննարկումների տեղիք է տվել ԱՄՆ-ում կրոնի և պետական կրթության միջև սահմանների շուրջ, հայտնում է «BBC News»-ը։

Ուսումնական ծրագրի նոր պահանջները, որոնք ուժի մեջ են մտնելու 2030 թվականին, ներառում են աստվածաշնչյան հատվածների ընթերցում, այդ թվում՝ Ադամի և Եվայի պատմությունը, ինչպես նաև մի դրվագ Ելք գրքից, որտեղ Աստված Մովսեսի հետ խոսում է այրվող թփի միջից։

Դրան զուգահեռ, պարտադիր ընթերցանության ցանկում են ներառվել նաև համաշխարհային գրականության դասական գործեր, այդ թվում՝ Չարլզ Դիքենսի «Մեծ սպասումներ» վեպը և Ուիլյամ Շեքսպիրի «Հուլիոս Կեսարի ողբերգությունը» պիեսը։ Ընդլայնված ցանկում տեղ են գտել նաև Մարտին Լյութեր Քինգի «Ես եղել եմ լեռան գագաթին» ելույթը և Ռոնալդ Ռեյգանի հուղարկավորության ժամանակ Մարգարետ Թետչերի հրաժեշտի խոսքը։

Այնուամենայնիվ, հենց կրոնական տեքստերի պարտադիր ներառումն է դարձել իրավապաշտպան ու կրթական կազմակերպությունների քննադատության թիրախը։ Որոշման հակառակորդները պնդում են, որ այս ծրագիրը քրիստոնեությունն արտոնյալ կարգավիճակում է դնում և սահմանափակում կրոնական ու մշակութային բազմազանությունը։

«Texas Freedom Network» կազմակերպության ներկայացուցիչ Ֆելիսիա Մարտինը հայտարարել է, որ ուսումնական այս ցանկը «քրիստոնեությունը վեր է դասում բոլոր այլ կրոնական ավանդույթներից» և չի արտացոլում տարբեր մշակութային ու կրոնական խմբերի ներդրումը հասարակության պատմության մեջ։

Մանկավարժական միավորումները նույնպես մտահոգություն են հայտնել, որ սա կարող է սահմանափակել ուսուցիչների ինքնուրույնությունը դասապրոցեսի պլանավորման հարցում, ինչպես նաև չափից ավելի ծանրաբեռնել նրանց՝ պարտադիր նյութերի մեծ ծավալի պատճառով։ Չնայած սկզբնական ցանկը որոշակիորեն կրճատվել է, քննադատները կարծում են, որ այն դեռևս չափազանց խրթին է ու խոչընդոտում է ճկուն դասավանդմանը։

Որոշումն ընդունվել է հանրապետականների կողմից վերահսկվող խորհրդում՝ 9 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդ որում՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մեկը միացել է դեմոկրատներին և դեմ քվեարկել։

Այս նախաձեռնությունը Տեխասի պահպանողական քաղաքական գործիչների կողմից կրթության ոլորտում կրոնի դերը մեծացնելուն ուղղված ավելի լայնածավալ ջանքերի շարունակությունն է։ Ավելի վաղ նահանգը դպրոցներին պարտադրել էր դասասենյակներում փակցնել Տասը պատվիրանները, ինչը նույնպես դատական վեճերի տեղիք էր տվել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով իրադարձությունները Վաշինգտոնում կայացած միջոցառման ժամանակ, հայտարարել է, որ «կրոնը վերադառնում է մեր երկիր՝ դառնալով ավելի ուժեղ, քան երբևէ վերջին երկար տարիների ընթացքում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *