Շքեղություն ռելսերի վրա. Ճապոնիան արագընթաց գնացքներում ներդնում է մասնավոր սենյակներ

Ճապոնիան, համավարակից հետո շարունակվող զբոսաշրջային բումի ֆոնին, ընդլայնում է երկաթուղային ծառայությունները և միաժամանակ բարձրացնում զբոսաշրջային տուրքերը, հայտնել է CNN հեռուստաալիքը։

Երկիրն ամեն տարի թարմացնում է օտարերկրյա այցելուների թվի ռեկորդները, իսկ «Սինկանսեն» արագընթաց գնացքների աճող ժողովրդականությունը խթանում է երկաթուղային օպերատորներին նոր պրեմիում ծառայություններ ներդնելու հարցում։ Այդպիսի լուծումներից են դարձել սպասարկման նոր դասի մասնավոր կուպեները։

Հոկտեմբերից Տոկիոյից Կիոտո և Օսակա որոշ երթուղիներում ուղևորներին հասանելի կլինի «Սուպրիմ դաս» ծառայությունը։ Սրանք անհատական խցիկներ են՝ կողպվող դռներով, որոնք ճանապարհորդության ընթացքում ապահովում են լիակատար անձնական տարածք։ Ամենատարողունակ սենյակներում նախատեսված են փոքրիկ բազմոցներ, ուղևորները կկարողանան ինքնուրույն կարգավորել լուսավորությունն ու օդի ջերմաստիճանը։

Զուգահեռաբար գործարկվում է նաև նոր վագոնային ծառայություն քնատեղերով՝ «Լունա Ասուլ» («կապույտ լուսին») անվամբ, որը կերթևեկի երկրի հյուսիս-արևելքում գտնվող Տոհոկու երթուղով՝ ներառյալ Աոմորի և Ակիտա պրեֆեկտուրաներ ուղղությունները։ Գործարկումը սպասվում է հաջորդ տարվա ընթացքում։

Տրանսպորտային համակարգում պրեմիում ծառայությունների զարգացման ֆոնին իշխանությունները նաև վերանայում են զբոսաշրջային տուրքերը։ Հուլիսի 1-ից այսպես կոչված «հրաժեշտի տուրքը» («սայոնարա հարկ») կբարձրացվի 1 000 իենից (մոտ 6 դոլար) մինչև 3 000 իեն (մոտ 18,5 դոլար)։ Այս տուրքն ավտոմատ կերպով ներառվում է ավիատոմսերի արժեքում և առանձին չի գանձվում մուտքի կամ ելքի ժամանակ։

Ճապոնիայի կառավարության տվյալներով՝ ստացված միջոցներն ուղղվում են աճող զբոսաշրջային հոսքի հետ կապված ենթակառուցվածքի զարգացմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *