ԱՄՆ Յուտա նահանգում շարունակում են տարածվել խոշոր անտառային հրդեհները։ Իշխանությունների տվյալներով՝ շաբաթ օրվա դրությամբ նահանգում եղել է հրդեհի տասը ակտիվ օջախ, որոնք ընդգրկել են ավելի քան 172 հազար ակր (մոտ 70 հազար հեկտար), հայտնել է CBS News-ը։
Ամենախոշորը շարունակում է մնալ Cottonwood Fire հրդեհը, որը սկսվել է երկուշաբթի նահանգի հարավում։ Կրակն արդեն ոչնչացրել է ավելի քան 92 հազար ակր (մոտ 37 հազար հեկտար) տարածք և առայժմ չի մեկուսացվել։ Կրակը լրջորեն վնասել է Բիվեր շրջանում գտնվող Eagle Point լեռնադահուկային հանգստավայրը, տեղի իշխանությունները պարտադիր տարհանում են հայտարարել։
Մոտ 1 300 բնակիչ Մերիսվեյլ, Ջանքշըն և Սըրքլվիլ բնակավայրերից ստացել են նախազգուշացում հնարավոր տարհանման մասին՝ հրդեհի հետագա տարածման դեպքում։ Չնայած ծխի հսկայական սյանը՝ օդի որակը հանրահայտ Սիոն և Բրայս Քենյոն ազգային պարկերում մնում է համեմատաբար կայուն, թեև Բրայս Քենյոնի շրջանում նկատվում է մշուշ։
Նահանգի գլխավոր անտառապահ Ջեյմի Բարնսի խոսքով՝ ներկայիս հրդեհներն ավելի արագ և ավելի հեռու են տարածվում, քան եղել է անցյալում։ Նա նշել է, որ պայմանները «չեն համապատասխանում պատմական սպասումներին»։
Զոհեր և տուժածներ առայժմ չեն գրանցվել։ Սակայն տասնյակ տներ և ամառանոցներ արդեն ոչնչացվել են։ Տեղի բնակիչները պատմում են, որ որոշ շինությունների տեղում մնացել են միայն այրված հող և էլեկտրահաղորդման գծերի սևացած հենասյուները։
Ծայրահեղ շոգի ֆոնին Յուտայի նահանգապետ Սփենսեր Քոքսը մինչև հուլիսի 5-ը սահմանել է հրավառությունների օգտագործման ժամանակավոր սահմանափակումներ՝ նշելով, որ այս տարվա հրդեհների մեծ մասն առաջացել է մարդու մեղքով։ Տարեսկզբից գրանցված 376 անտառային հրդեհներից 273-ը պայմանավորված է եղել մարդկային գործունեությամբ։
Ազգային օդերևութաբանական ծառայությունը Սոլթ Լեյք Սիթիում իր գրասենյակի պատմության մեջ առաջին անգամ Յուտայի հինգ շրջանների համար հայտարարել է «հատկապես վտանգավոր իրավիճակ» կարգի նախազգուշացում, որտեղ առկա է հրդեհի կայծակնային տարածման ծայրահեղ բարձր ռիսկ։ Rocky Mountain Power էներգետիկ ընկերությունը նույնպես նախազգուշացրել է նահանգի կենտրոնական, հարավային և արևելյան հատվածներում էլեկտրաէներգիայի հնարավոր կանխարգելիչ անջատումների մասին։
Հրդեհների դեմ պայքարի ազգային միջգերատեսչական կենտրոնի տվյալներով՝ տարեսկզբից ԱՄՆ-ում արդեն այրվել է գրեթե 3 մլն ակր (ավելի քան 1,2 մլն հեկտար) բնական տարածք, ինչը գերազանցում է վերջին տասը տարվա միջին ցուցանիշը։