Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի հաջորդ զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանում

Հունիսի 27-ին Մուխրովանիում՝ մայոր Գելա Չեդիայի անվան Հատուկ ուսումնական կենտրոնի բազայում, կայացել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի «Կովկասյան արծիվ 2026» եռակողմ զորավարժությունների ավարտի արարողությունը, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Երեք երկրների համատեղ գործնական զորավարժություններն անցկացվել են Բոլնիսիում՝ Հատուկ գործողությունների հրամանատարության նախապատրաստական պարաշյուտային դպրոցում, և Մուխրովանիում, որտեղ մշակվել են պայմանական օբյեկտի դեմ համատեղ գրոհներ, որոնց ընթացքում գրոհային խմբերը կրակային աջակցության պայմաններում իրականացրել են շենքերի մաքրում, ինժեներական պայթեցումներ և հակառակորդի վնասազերծում։

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի «Կովկասյան արծիվ 2026» եռակողմ զորավարժություններն անցկացվում են ամեն տարի՝ ռոտացիոն սկզբունքով, երեք երկրներում։ Հաջորդ տարի զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *