Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն. Արգենտինան 100 տոկոսանոց արդյունքով դուրս եկավ փլեյ-օֆֆ

Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունում ավարտվեցին J խմբի երրորդ տուրի հանդիպումները, որոնք աչքի ընկան և՛ պատմական ռեկորդներով, և՛ դրամատիկ հանգուցալուծմամբ։

ԱՄՆ-ի Դալաս քաղաքում կայացած խաղում Արգենտինայի հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Հորդանանի նկատմամբ: Հարավամերիկացիների կազմում գոլերի հեղինակ դարձան Ջովանի Լո Չելսոն, Լաուտարո Մարտինեսը (11-մետրանոցից) և Լիոնել Մեսսին:

Հորդանանի հավաքականի միակ գնդակը խփեց Մուսա Ալ-Թամարին: Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց խաղադաշտում 60 րոպե անցկացրած և հաշիվը բացած Լո Չելսոն։

Այս խաղը պատմական դարձավ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի համար։ Նա դարձավ աշխարհի առաջնությունների պատմության առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվել է գոլի հեղինակ դառնալ մունդիալների 7 անընդմեջ խաղերում:

Նախկին ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի Ժյուստ Ֆոնտենին (1958) և բրազիլացի Ժաիրզինյոյին (1970), ովքեր աչքի էին ընկել 6 անընդմեջ խաղում:

Բացի այդ, Լեոն շարունակում է բարելավել իր անհատական ցուցանիշները. Մեսսին այս մրցաշարում իր գոլերի քանակը հասցրեց 6-ի։ Արգենտինացին նաև ամրապնդեց իր առաջատարությունը՝ մունդիալներում խփած գոլերի ընդհանուր քանակը հասցնելով 19-ի։

Արգենտինան 3 խաղում տոնեց 3 հաղթանակ և վաստակած 9 միավորով զբաղեցրեց J խմբի առաջին հորիզոնականը: 1/16 եզրափակիչում «ալբիսելեստեն» կմրցի Կաբո-Վերդեի ընտրանու հետ։ Խաղը կկայանա հուլիսի 4-ին Մայամիում։ Հորդանանը առանց միավոր վաստակելու եզրափակեց աղյուսակն ու լքեց մրցաշարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *