Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել 200 մլն շեքել (59 մլն դոլար) արժողությամբ ազգային նախաձեռնությանը, որն ուղղված է սփյուռքում հրեական կրթության ընդլայնմանը, ասվում է վարչապետի գրասենյակի և սփյուռքի հարցերի նախարարության համատեղ հայտարարության մեջ։
Ինչպես հայտնում է The Times of Israel-ը, ծրագիրը, որը կիրականացվի վարչապետի գրասենյակի և Սփյուռքի հարցերի ու հակասեմիտիզմի դեմ պայքարի նախարարության համատեղ ջանքերով, նպատակ ունի ամրապնդել հրեական ինքնությունը, խորացնել կապերը Իսրայելի հետ և ավելացնել սովորողների թիվը հրեական ֆորմալ կրթական հաստատություններում՝ առաջին հերթին Հյուսիսային Ամերիկայում։
Իսրայելի կառավարությունը համաշխարհային հրեական կրթությունը դիտարկում է որպես «առաջնահերթ ազգային կարևորության ռազմավարական նպատակ», հատկապես 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո հակասեմիտիզմի աճի ֆոնին։
Համատեղ հայտարարության համաձայն, ԱՄՆ-ում դպրոցական տարիքի 1,8 միլիոն երեխաներից միայն փոքր մասն է ստանում հրեական կրթություն։
Նախաձեռնությունը պետք է վերացնի այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են ուսման բարձր վարձը, աշխարհագրական սահմանափակ հասանելիությունը և ուսուցման առանձնահատկություններ ունեցող աշակերտների անբավարար աջակցությունը, ինչպես նաև մշակի նոր թվային գործիքներ։
Հայտարարության մեջ նշվում է, որ ծրագիրը կիրականացվի հրեական խոշոր կազմակերպությունների հետ գործընկերությամբ, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայի հրեական համայնքների ֆեդերացիայի (JFNA)։
Այն շարունակում է ավելի վաղ սկսված համագործակցությունը Սփյուռքի հարցերի նախարարության և JFNA-ի միջև, որը հայտնի է «Ալեֆ-Բետ» նախագիծ անունով և նպատակ ունի ավելացնել սովորողների թիվը և բարձրացնել կրթության որակը Հյուսիսային Ամերիկայի հրեական ցերեկային դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում։