Ո՞նց եք գնահատում ԱԺ փոխխոսնակ դառնալու ձեր շանսերը. հարց Արուսյակ Ջուլհակյանին

Իմ շանսերը նորմալ եմ գնահատում, կարծում եմ՝ ունեմ շանսեր, բայց վարչությունը ինչպես կորոշի։ Այս մասին, այսօր՝ հունիսի 29–ին, ՔՊ կենտրոնական գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ով ևս ԱԺ փոխնախագահի թեկնածու է առաջադրվել։

«Ենթադրում եմ՝ թեժ մրցակցություն է սպասվում, որովհետև բոլոր թեկնածիները շատ արժանավոր քաղաքական գործիչներ են և շատ լավ կուսակցական ընկերներ են»,–ասաց նա։

Հարցին՝ կա՞ ՔՊ–ում որոշում, որ ԱԺ երկու փոխնախագահներից մեկը կին պետք է լինի, Ջուլհակյանը պատասխանեց. «Ես ընթացակարգի մասին մանրամասներ չեմ ասի, որովհետև ես լիազորված չեմ այդ մասին հայտնել, համենայնդեպս վերջնական որոշումը, երբ կայացվի, արդեն, ենթադրաբար, վարչապետը կամ մեկ այլ անձ, որին նման լիազորություն կտրվի, կներկայացնի արդեն մամուլին, թե ինչ որոշում է կայացրել»։

Դիտարկմանը, որ չկա՞ մտավախություն, որ ՍԴ–ն անվավեր կճանաչի ընտրության արդյունքները, իսկ ՔՊ–ում արդեն պաշտոններ են բաժանում, նա ասաց. «Ես նման հեռանկար չեմ տեսնում, որովհետև այն ենթադրյալ խախտումները, որոնք ըստ մեր ընդդիմադիր  գործընկերների, իբր եղել են, իբր կրել են համակարգային և զանգվածային բնույթ, որևէ կերպ իրականությանը չեն համապատասխանում։ Նույնիսկ եթե եղել են խախտումների սակավաթիվ առանձին դեպքեր, դրանք որևէ կերպ չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ես որևէ հեռանկար չեմ տեսնում եմ, որ Սահմանադրական դատարանը կարող է անվավեր ճանաչել»։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ճիշտ չէր լինի սպասել ՍԴ որոշմանը՝ դրանով հարգանք դրսևորելով այդ ինստիտուտի նկատմամբ, Արուսյակ Ջուլհակյանն ասաց. «մենք բոլոր պետական ինստիտուտները հարգում ենք, բայց նաև կարողանում ենք գնահատել առկա իրողությունները, իսկ առկա իրողությունը այն է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է հունիսի 7–ի խորհրդարանական ընտրություններում և դա է իրողությունը։

Դուք հետևում եք ՍԴ–ում քննարկումներին և տեսնում եք, թե գործընկերները որքան հիմնազուրկ և օդից վերցրած հայտարարություններով են հանդես գալիս։ Ինչպե՞ս կարող են դրանք ունենալ որևէ ազդեցություն։ Պարզ է, որ որևէ հեռանկար այս գործը չունի, դա իմ դիրքորոշումն է։ Բնականաբար ես այսպիսով չեմ փորձում որևէ կերպ կողմնորոշել Սահմանադրական դատարանին կամ ազդել նրանց որոշման վրա, բայց կարծում եմ՝ ակնհայտ է, որ այն փաստարկները, որոնք ներկայացվում են նիստի ժամանակ և այն փաստարկները, որոնք ներկայացված են նաև դիմումներով, ընդդիմադիր գործընկերների կողմից, որևէ կերպ չեն կարող հանգեցնել ընտրությունների անվավեր ճանաչման»։

Նշենք, որ խորհրդարանի երկու փոխխոսնակների պաշտոններին հավակնում են ԱԺ նախագահի թեկնածուի ընտրություններում չհաջողած Հայկ Կոնջորյանը, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, Եվրոպական ինտեգրման ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, ինչպես նաև պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Անցյալ շաբաթ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը, որը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Շոյված եմ արդյունքից և վստահությունն ինձ համար շատ պարտավորեցնող է: Չեմ կարող ասել, որ ինչ-որ բան պետք է ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահը կամ մյուս թեկնածուները: Ես կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը շատ լավ Ազգային ժողովի նախագահ է եղել և պարոն Կոնջորյանը փայլուն խմբակցության ղեկավար է եղել»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *