Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում անցկացվում են բարեվարքության թեմայով դասընթացներ՝ ուղղված ծառայողների շրջանում բարեվարքության նորմերի պահպանմանն ու համապատասխան ինստիտուտի զարգացմանը։
Դասընթացներն իրականացվում են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված «Կատարելագործել բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտը» թեմայի շրջանակում։
ՀՀ ՊՊԾ կառուցվածքային ստորաբաժանումներում պարբերաբար անցկացվող դասընթացների ընթացքում ներկայացվում են բարեվարքության համակարգի հիմնական տարրերը, դրանց կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև ծառայության ընթացքում բարեվարքության նորմերի պահպանման կարևորությունը։
ՀՀ ՊՊԾ ծառայողներին մանրամասն ներկայացվում և մեկնաբանվում են նաև բարեվարքության նորմերի կիրառման հետ կապված հարցերն ու հնարավոր խնդիրները՝ նպաստելով դրանց արդյունավետ իրականացմանը ծառայողական գործունեության ընթացքում։
Ծրագրի նպատակն է բարձրացնել ծառայողների պատասխանատվության մակարդակը, ամրապնդել բարեվարքության մշակույթը և ապահովել այդ ինստիտուտի լիարժեք կայացումը ծառայության համակարգում։