Կլիմայական դիմակայունությունն ու COP17-ը՝ Հայաստան-Կորեա նախարարական հանդիպման օրակարգում

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Կորեայի Հանրապետության կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարար Կիմ Սոնգ Հվանի հետ։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության, ջրային ռեսուրսների կառավարման և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ 

Նախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ կլիմայի փոփոխության պայմաններում մեր երկրի համար առավել կարևոր են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրհեղեղների կանխատեսման և վաղ նախազգուշացման համակարգերի զարգացումը, գետավազանների համալիր կառավարումը, ինչպես նաև էկոհամակարգերի վերականգնումը։ 

Համբարձում Մաթևոսյանը ծանոթացել է Կորեայի Հանրապետության փորձին՝ արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ ջրհեղեղների կանխատեսման, ջրային ռեսուրսների կառավարման և կլիմայական դիմակայունության բարձրացման ուղղությամբ։ Կողմերը համաձայնել են, որ այս ոլորտներում փորձի փոխանակումը և մասնագիտական համագործակցությունը կարող են կարևոր ներդրում ունենալ Հայաստանի կարողությունների զարգացման գործում։ 

Որպես COP17-ը նախագահող երկիր՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում ցուցաբերած ակտիվ ներգրավվածության համար և հրավիրել բարձր մակարդակով մասնակցելու Երևանում կայանալիք COP17-ին։ 

Նախարարը վստահեցրել է, որ այս հանդիպումը նոր խթան կհաղորդի Հայաստան–Կորեա բնապահպանական համագործակցությանը և կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանը՝ ի շահ կլիմայական դիմակայունության, ջրային ռեսուրսների կայուն կառավարման և կենսաբազմազանության պահպանության։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *