Արևելագիտության ինստիտուտում արժևորվեց եգիպտահայ ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանի ստեղծագործական ժառանգությունը

Սույն թվականի հունիսի 29-ին Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Երկու հայրենիքների միջև. Ալեքսանդր Սարուխանը և հանրային դիվանագիտության ուժը» խորագրով միջոցառում՝ նվիրված եգիպտահայ նշանավոր ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանի հիշատակին։ 

ԳԱԱ–ից NEWS.am–ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցեցին հայ և եգիպտացի պատմաբաններ, մշակույթի գործիչներ, հետազոտողներ, լրագրողներ և դիվանագետներ։ Հատուկ հյուրն էր Ալեքսանդր Սարուխանի թոռնուհին՝ Սիլվա Ներետյան-Բլատյանը։ 

Ողջունելով մասնակիցներին՝ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ այս միջոցառումը հնարավորություն է նորովի բացահայտելու Ալեքսանդր Սարուխանի հարուստ ստեղծագործական ժառանգությունը։ 

Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին իր ողջույնի խոսքում նշեց, որ Ալեքսանդր Սարուխանը Եգիպտոսում ծաղրանկարչության մեծագույն և ամենահայտնի վարպետներից էր։ Նրա ստեղծագործությունները հայ և եգիպտացի ժողովուրդների միջև մշակութային կապերի և բարեկամության խորհրդանիշ են։ 

«Հայ և եգիպտացի ժողովուրդներին միավորում է քաղաքակրթական այն ընդհանուր միջավայրը, որտեղ նրանք ձևավորվել, զարգացել և դարերի ընթացքում ամրապնդել են իրենց բարեկամական կապերը։ Մենք պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք այն կամուրջներին, որոնք միավորում են մեր երկու ժողովուրդներին։ Այդ կարևոր կամուրջներից մեկը Ալեքսանդր Սարուխանն է», – ասաց Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ Արաքս Փաշայանը։ 

Ալեքսանդր Սարուխանի թոռնուհի Սիլվա Ներետյան-Բլատյանը, որը զբաղվում է պապի ստեղծագործական ժառանգության պահպանմամբ և հանրայնացմամբ, ներկայացրեց անվանի ծաղրանկարչի կյանքն ու ստեղծագործական ուղին՝ անդրադառնալով նրա արվեստի առանձնահատկություններին և թողած հարուստ ժառանգությանը։ 

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Ալեքսանդր Սարուխանի ստեղծագործությունները, արժևորվեց նրա արվեստի բացառիկ դերը հայ երգիծանկարչության զարգացման գործում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *